Դոնեցկի, այսպես կոչված, ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, որ մարզի տարածքի կեսից մի փոքր ավելին ռուսական ուժերն «ազատագրել են»։
Դոնեցկը Ուկրաինայի չորս մարզերից մեկն է, որը Մոսկվան միացրել է Ռուսաստանին, որպես հիմք ընդունելով այնտեղ անցկացված հանրաքվեի արդյունքները, ինչը Ուկրաինան և միջազգային հանրությունը չեն ճանաչում։
Ռուսական «Ռիա Նովոստիի» կայքում հրապարակված տեսանյութում Պուշիլինն ասել է, որ խնդիր է դրված ազատագրել մարզի ամբողջ տարածքը։ «Մեր ստորաբաժանումներն անում են հնարավորը, որ դա հնարավորինս շուտ կատարվի»,- ասել է նա։
Վերջին շրջանում մարտերն ընթանում են Դոնեցկի մարզի կենտրոնական շրջանում, մասնավորապես, Բախմուտ քաղաքի համար։