Մատչելիության հղումներ

Վահագն Հայրապետյանն ու «Կատուները» համերգով հանդես կգան Օպերային թատրոնում


2004 թվականին հանրահայտ դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը հիմնեց «Կատուներ» կոչվող ջազային խումբը, որն անմիջապես շատ սիրելի դարձավ ջազի երկրպագուների համար՝ իր ուրույն, էքսպերիմենտալ դիմագծով և ոճով, հատկապես հայկական ֆոլկլորային մշակումներով, որոնք բոլորովին նոր երևույթ էին ջազային երաժշտության մեջ։

Այս խմբի շնորհիվ հայկական ջազը ներկայացավ տարբեր արտասահմանյան բեմերում և փառատոներում։ Տարիներ անց խումբը դադարեց գործել, բայց ահա այս երեկո Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, բայց արդեն ուրիշ կազմով այն կրկին կներկայանա հայ ունկնդրին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Համերգը կազմակերպել է TM Production ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց. - «Այսօր սպասվում է աննախադեպ համերգ Վահագն Հայրապետյանի լեգենդար «Կատուներ» խմբի մասնակցությամբ։ Իհարկե, խումբը փոփոխության է ենթարկվել, քանի որ երկար ժամանակահատված ելույթ չէր ունենում, և խմբի նախկին անդամները արդեն էս տարիների ընթացքում ամեն մեկն առանձին իր գործունեությունն է ծավալում։ Վերջին ժամանակներս Վահագն Հայրապետյանը որոշեց, որ խումբը նորից ձևավորի՝ նոր, երիտասարդ երաժիշտներով։ Սա կարելի է ասել, առհասարակ «Կատուներ» խմբի առաջին համերգն է մեծ բեմում՝ Օպերային թատրոնում։ Եվ այսօրվա համերգը բացառիկ է նրանով, որ մեզ հնարավորություն է ընձեռվել նյութեր ներկայացնել Կանադայի հայտնի «Տորոնտո ջազ» ֆեստիվալին մինչև դեկտեմբերի 15-ը։ Եվ այսօրվա համերգը նկարահանելու ենք, որպեսզի վաղը միանգամից ուղարկենք Կանադա, որպեսզի հնարավորություն ստեղծվի մեր համար մասնակցելու 2023 թվականի Տորոնտոյի ջազ ֆեստիվալին։ Ես վստահ եմ, որ հրավերը կստանանք, քանի որ գաղտնիք չէ, որ «Կատուներ» խմբի երաժշտությունը մեծ փոփոխության ենթարկեց մեր ջազային երաժշտությունը վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում։ Եվ հանդես է գալիս շատ յուրահատուկ ազգային երաժշտական էլեմենտներով»։

«Ազատություն». - Ովքե՞ր են այսօր խմբի կազմում։

Մարտիրոսյան. - Խմբի առանցքը Վահագն Հայրապետյանն է։ Ավագ Մարգարյանն է՝ ժողգործիքներ, Դանիել Մելքոնյանը՝ շեփոր, Դմիտրի Արզումանյան՝ տենոր սաքսոֆոն, ֆլեյտա, Արթուր Իսկայելյան՝ կանաչ տրոմբոն, Էդգար Ավետիսյան՝ բաս, Արման Մնացական՝ հարվածայիններ։ Լավագույն երաժիշտներից են։

«Ազատություն». - Քանի՞ տարի չէր գործում «Կատուները»։

Մարտիրոսյան. - Մոտ վեց-յոթ տարի չէր գործում։ Խումբը հիմնադրվել է 2004 թվականին։ Ի դեպ, իմ առաջին ձայնասկավառակներից հենց «Կատուներն» ա եղել, որ ես թողարկել եմ 2004 թվականին։

«Ազատություն». - Ինչպե՞ես ստացվեց, որ Դուք դարձաք այս համերգի կազմակերպիչը։

Մարտիրոսյան. - Տարիներ շարունակ էս համերգը իմ համար ոնց որ մի հատ նախագիծ լիներ, որը դեռ չեմ կատարել։ Ու տարիներ շարունակ անընդհատ Վահագնին խնդրում էի, որ հնարավո՞ր է արդյոք խումբը նորից հավաքել, մի հատ մեծ համերգ անել։ Ու ամեն անգամ չէր ստացվում, քանի որ, ինչպես նշեցինք, խմբի նախկին անդամները ամեն մեկը իր առանձին նախագծով է հանդես գալիս տարբեր ծրագրերում, և չէր ստացվում, որպեսզի համախմբվեն միասին ու մի հատ համերգ անենք, որովհետև երկար տարիներ իրանք շրջագայել են տարբեր երկրներում, Հայաստանում բազմաթիվ համերգներ են ունեցել, բայց ոչ մի անգամ առիթ չի եղել, որպեսզի մեծ բեմում ելույթ ունենան։ Ու քանի որ Վահագն ասեց, որ արդեն խումբը քիչ-քիչ ձևավորվում ա, միտք հղացավ, որ համերգ կազմակերպենք Օպերային թատրոնում։ Եվ ճիշտն ասած, հենց սոցցանցերում հրապարակելուն պես մոտ մեկ ամիս առաջ, հենց հաջորդ օրը Կանադայից տեսել էին և միանգամից մեզ գրել էին, որ այսպիսի առաջարկություն կա՝ Հայաստանը ներկայացնելու համար կարող եք խումբ ներկայացնել, և եթե հիմա «Կատուները» հանդես են գալիս, լավ կլինի, որ «Կատուներին» ներկայացնեք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG