Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:
Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության, երկու դիվանագետները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ:
Նախարար Բայրամովը խոսել է հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների մասին:
Ըստ նախարարության հաղորդագրության, Բայրամովն անդրադարձել է «Լաչինի միջանցքի օգտագործմամբ վերջերս կատարված ապօրինի գործողություններին»:
Քերըն Դոնֆրիդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերը, կարևորել է խաղաղության գործընթացի շարունակումը՝ «երկու երկրների լիդերների և արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում»: