Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն կարճել է Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը


Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան
Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան

Քննչական կոմիտեն կարճել է Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը, քանի որ անցած 5 ամսվա քննությամբ հանցագործությունը չի հաստատվել։

Ըստ կոմիտեի՝ ծավալուն քննության արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, որ ԲԴԽ նախկին նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու անդամներ Վիգեն Քոչարյանն ու Սերգեյ Չիչոյանը հանցավոր արարք են կատարել։

«Նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունում տեղ գտած, ինչպես նաև ցուցմունքում հայտնած՝ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հավաստիությունն այլ ապացույցներով ստուգելու ուղղությամբ», - հաղորդում է Քննչական կոմիտեն, որն անցած 5 ամիսների քննության արդյունքում միջնորդել է դատախազին, որ քրեական հետապնդում չհարուցվի նրանց նկատմամբ։

Դատախազությունը բավարարել է այս միջնորդությունն ու որոշում է կայացրել կարճել գործը։

Ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահի օգտագործելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով գործ էր հարուցվել ԲԴԽ նախկին անդամ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունից հետո։

Այս տարվա հունիսին Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց անցած տարվա փետրվարին արված մի գաղտնի ձայնագրություն, որտեղ լսվում են նրա և այդ ժամանակ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի երկխոսությունից հատվածներ։

Ջհանգիրյանը, որ այս զրույցից ընդամենը մեկ միս առաջ էր ընտրվել խորհրդի անդամ, ձայնագրությունում գործընկերոջն առաջարկում է ինքնակամ թողնել պաշտոնը՝ խոստանալով, որ «հեռանալու դիմաց քրեական գործեր չեն հարուցվի»։

Այս սկանդալային ձայնագրությունից հետո Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական խնդիրները, հրաժարականից օրեր առաջ, սակայն, գործընկերների հետ միասին որոշեցին դադարեցնել Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ նախագահի և դատավորի պաշտոնում։

XS
SM
MD
LG