Պրահայի հին քաղաքի 25 մետրանոց տոնածառի վրա քաղաքապետարանը ծախսում է օրական միայն 108 կռոն՝ մոտ 4 եվրո, ամանորյա տաղավարների վրա էլ՝ օրական քառասուն եվրո՝ նախորդ տարիներից բազմապատիկ քիչ։ Դրա համար տեղադրվել են էլեկտրաէներգիա խնայող լամպեր, կրճատվել է լուսավորության ժամկետը։
«Հրաժարվել ենք մի շարք ճոխություններից, հիմա պատմական հուշարձանների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքերի լուսավորումը ավելի շուտ կանջատվի, կրճատել ենք նաև Պրահայի փողոցներում կախված զարդարանքները», -ասում է քաղաքային խորհրդի անդամ Յան Չաբռը։
«Պարտավոր ենք գնալ խնայողությունների․ մայրցամաքում պատերազմ է», - հայտարարում են ոչ միայն Պրահայի, այլև եվրոպական մյուս քաղաքների առաջնորդները։ Նույնիսկ Փարիզում, որ հայտնի է որպես լույսերի քաղաք, այս տարի հանրահայտ Շանզ էլիզեի տոնական լամպերը կմարեն կեսգիշերից առաջ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ փողոցը լուսավորվում էր ողջ գիշեր։
«Մենք չենք կարող այնպես պահել մեզ, ասես մեր շուրջը ոչինչ չի փոխվել», - հայտարարել է Շանզ էլիզեի հանձնաժողովի նախագահ Մաղք Անտուան Ժամեն, հավելելով, - «այս փոփոխությունների նպատակն է դրսևորել համերաշխություն, լինել խնայող, ողջամիտ և հոգ տանել նաև բնության մասին»։
Փարիզի Քաղաքապետարանի որոշմամբ, Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն ամեն օր երեկոյան 11։45-ին, մի շարք պատմական կառույցներ, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքն ու թանգարանները, երեկոյան տասից հետո ընդհանրապես չեն լուսավորվի։
«Կարևորը՝ լույսը ոչ թե դրսում, այլ՝ մեր հոգում լինի»․ Գերմանիայի բնապահպանական կազմակերպություններից մեկն այս կարգախոսով իր արշավը սկսել էր ամանորյա տոնական միջոցառումներից դեռ ամիսներ առաջ։ Իշխանությունները անսացին հորդորներին․ Եվրամիության տնտեսապես ամենաառաջատար երկրում կառավարությունը շաբաթներ առաջ որոշեց ոչ միայն տոնական ծախսերը կրճատել, այլև նվազեցնել հանրային վայրերի ջեռուցումը ու անջատել Բեռլինի հուշարձանների, այդ թվում՝ հանրահայտ Բրանդենբուրգյան դարպասների լուսավորությունը։
«Չենք կարող մեզ ճոխություններ թույլ տալ, երբ մեր կողքին պատերազմ է, էլեկտրաէներգիայի ու ապրանքների գներն էլ շարունակում են բարձրանալ»,-հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Քաղաքական առումով ինչ հնարավոր էր՝ մենք անում ենք, օրինակ՝ թիրախային օգնություն ենք տրամադրում նրանց, որ տքնաջան աշխատում են, բայց դեռ պետք է ամեն եվրոն հաշվեն՝ ծայրը ծայրին հասցնելու համար։ Այս դժվարին պայմաններում մենք պետք է ձեռք ձեռքի տանք և միասին լինենք։ Սա է այս խնայողությունների իմաստը»։
Նույն պատկերն է եվրոպական տասնյակ այլ քաղաքներում, որտեղ վառելիքի գները շեշտակի աճել են՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո։
«Բլումբերգի» տվյալներով՝ Կոպենհագենում գլխավոր փողոցի տոնական լուսավորությունը կսկսվի սովորականից երկու շաբաթ ուշ, լույսերը կվառվեն 6 ժամ՝ նախկին 16 ժամի փոխարեն։ Դուբլինում երեկոյան ութից պետական շենքերի լուսավորությունը կանջատվի։ Լեհական Վրոցլավում, որ Ուկրաինայից մոտ 300 կմ է հեռու, կլուսավորվի միայն կենտրոնական հրապարակը։ Լիտվիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Կաունասում, ամանորյա զարդարանքների մեկ երրորդն է միայն այս տարի հրապարակ հանվել։
Նախորդ տարիների համեմատ էապես քիչ են տոնական լույսերը նաև Բուդապեշտում, որն ամեն տարի շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում։ «Մենք ապրում ենք ժամանակներում, երբ կարևոր է հաշվել՝ ինչպես ենք ծախսում յուրաքանչյուր լումա», - հայտարարել է Բուդապեշտի փոխքաղաքապետը, ընդգծելով՝ «թյուր են կարծիքները, թե դրանից այցելուների հոսքը կնվազի»։