Մատչելիության հղումներ

The Washington Post. ԱՄՆ պաշտոնաթող գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ են կնքել ադրբեջանական ավիաընկերության հետ


The Washington Post պարբերաբականը ծավալուն հոդված է հրապարակել, որում մանրամասներ է ներկայացնում ամերիկացի երկու պաշտոնաթող գեներալների և Ալիևի վարչակազմի միջև վիճահարույց կապերի մասին։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ փուլում Պենտագոնի պաշտոնյաները, անտեսելով Ադրբեջանում կոռուպցիոն ավանդույթների վերաբերյալ մտահոգությունները, առաջնորդվելով ամերիկյան աշխարհաքաղաքական շահերով, Իլհամ Ալիևին համոզել են բացել իր երկրի սահմաններն ու օդային տարածքը դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիների համար՝ չնայած ԱՄՆ դեսպանատան զեկույցին, որը Ալիևին հռչակում էր որպես «ուժեղ մարդ» և նրան համեմատում «Կնքահայրը» ֆիլմի մաֆիայի պարագլուխների հետ։ Դրա դիմաց, ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, Վաշինգտոնն Ալիևին խոստացել է ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն և 369 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ըստ ամերիկացի հետաքննողների, վերահսկվում էր կառավարության կողմից:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունքան ՄըքՆաբը և Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014 թվականներին պատասխանատու էին մատակարարման ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում: Թոշակի անցնելուց հետո բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way Airlines-ի հետ։ Համաձայն գործարքի՝ նրանցից յուրաքանչյուրը կարող էր օրական 5 հազար դոլար ստանալ:

Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պենտագոնը և Պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են պաշտոնաթող զինվորականներին աշխատանքի անցնել արտասահմանյան պետություններում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում: «Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, և դրանցից մեկն ազգային անվտանգության համար վտանգն էր», - վկայակոչելով փաստաթղթերը՝ նշում է հոդվածագիրը։

The Washington Post-ի համաձայն, վիճահարույց հարցն ի վերջո պատճառ է դարձել երկարատև ներքին պայքարի պաշտոնաթող գեներալների և քաղաքացիական օդային ուժերի իրավաբան Ռ. Ֆիլիպ Դևելի միջև, որը մտավախություն ուներ, որ Ադրբեջանի հետ ամերիկացի զինվորականների գործարքները կարող են սկանդալ հարուցել։

Թերթի փոխանցմամբ, վեճի հրապարակայնացումը տևական ժամանակ փորձել են կանխել ռազմաօդային ուժերը։ 2016-2021 թվականներին այդ հարցով պարզաբանումներ ստանալու նպատակով լրատվամիջոցը չորս անգամ հարցում է ուղարկել, բայց ռազմական գերատեսչությունը կա՛մ մերժել է, կա՛մ ասել, թե չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ: Դատարանը, ի վերջո բավարարելով թերթի հայցը, պարտավորեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին հրապարակել 400 էջից բաղկացած փաստաթղթերը։

The Washington Post-ը նկատում է, որ այդ փաստաթղթերն արտասովոր մանրամասնությամբ ներկայացնում են, թե ինչպես են երկու բարձրաստիճան ամերիկացի զինվորականները փորձել օգուտ քաղել պատերազմի ժամանակ ստեղծված արտաքին հարաբերություններից, ինչպես նաև այդ վարքագիծը վերահսկելու Պենտագոնի փորձերը: Սղագրություններն ուսումնասիրած լրագրողները նշում են, որ ռազմաօդային ուժերի հետախուզության պաշտոնյաները դեմ են եղել ադրբեջանական բիզնես գործարքներին, պատճառները, սակայն, շարունակում են գաղտնի մնալ։

Միևնույն ժամանակ, իրավաբան Դևելն էթիկական մտահոգություններ էր բարձրացրել, իր վերադասին նախազգուշացրել, որ « չպետք է անեն ինչ-որ բան, որը կստիպի Կոնգրեսին կամ լրատվամիջոցներին կասկածի տակ դնել Silk Way հոսող հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք նախատեսված են բացառապես ազգային անվտանգության կարիքների համար»:

Չնայած ներքին տարաձայնություններին՝ պաշտոնաթող գեներալները ճնշում են գործադրել ռազմաօդային ուժերի պաշտոնյաների վրա իրենց խորհրդատվական գործարքները հաստատելու նպատակով։ Ըստ 2015 թվականի փաստաթղթերից մեկի՝ գեներալ Ֆրեյզերն ասել է, որ եթե Վաշինգտոնն իրեն խանգարի ադրբեջանական ավիաընկերությունում աշխատելու հարցում, ապա կբախվի Ալիևի վարչակազմի «պատասխան հարվածին», և որ Բաքուն ի պատասխան կարող է նույնիսկ արգելափակել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիները դեպի Աֆղանստան:

Ըստ ամերիկյան գործող կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականներն այլ երկրներում աշխատելու համար պետք է դաշնային թույլտվություն ստանան, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որևէ երկրի կառավարության: ՄըքՆաբը նման թույլտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆրեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն: Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը, պաշտոնաթող գեներալը հայտարարել է, թե այդ հարցը լրատվամիջոցներն են շահարկում:

The Washington Post-ը վկայակոչում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 2010 թվականի հետաքննությունը, համաձայն որի Silk Way բանկի սեփականատերերից մեկն Ալիևի դուստրն է։

Ի վերջո, գեներալների կապն Ալիևի վարչակազմի հետ, ինչպես նաև այդ հարցով պաշտոնական թույլտվության բացակայությունը հետաքննության առարկա է դարձել, որը Ռազմաօդային ուժերի գլխավոր տեսուչի գրասենյակն ավարտել է 2015 թվականին։ Քննիչները եզրահանգել են, որ գեներալը խախտել է օրենքը՝ չփնտրելով օտարերկրյա կառավարությունում աշխատելու թույլտվություն։ Որպես պատիժ կրճատվել է նրա զինվորական կենսաթոշակը։ Այդ օրենքի խախտման համար այլ պատիժ սահմանված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG