Ճիշտ 10 տարի առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, հիմնադրեց Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որի շրջանակներում Հայաստանի երաժշտասերներին իրենց հրաշալի կատարումներ են ներկայցրել աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտներ։
Եվ ահա վաղը երեկոյան ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը, որը դասական երաժշտության սիրահարներին համերգային ծրագրերում կներկայցնի համաշխարհային ճանաչման արժանացած լավագույն երաժիշտ կատարողների, որոնց թվում և հայազգի անվանի երաժիշտների։
«Շատ հետաքրքիր համերգային ծրագրեր ունենք», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ - «Այս տարի Հայաստան են ժամանելու արտիստներ, ովքեր երբևէ Հայաստանում հանդես չեն եկել»։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը կղեկավարի սփյուռքահայ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, իսկ համերգի մենակատարն է թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է մեր լավագույն երաժիշտներից համաշխարհային հռչակի արժանացած թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին։
«Ներկայացնելու ենք հետաքրքիր ծրագիր։ Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, իսկ երկրորդ բաժնում հնչելու է Բորոդինի առաջին սիմֆոնիան, որը երկար տարիներ Հայաստանում չի կատարվել, բայց գեղարվեստական առումով շատ արժեքավոր ստեղծագործություն է, և Միխայիլ Գլինկայի Իսպանական թիվ 1 նախերգանքը», - ներկայացրեց Բալբանյանը։
Նա ընդգծում է, որ փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների ընթացքում ոչ միայն հանդես կգան անվանի երաժիշտներ, այլև Հայաստանում առաջին անգամ կհնչեն բազմաթիվ ստեղծագործություններ. - «Բացի դրանից, ինչպես ամեն տարի ավանդույթ է դարձել, լինելու է նաև «Խաչատրյան և ջազ» հայտնի ծրագիրը, որտեղ կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային մշակմամբ։ Բնականաբար, Խաչատրյանի ստեղծագործությունները նույնպես հնչելու են փառատոնի շրջանակներում։ Իտալացի դաշնակահար Մասսիմո Սպադան առաջին անգամ կներկայացնի Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։ Ի դեպ, Սպադան առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում»։
Ի պատասխան հարցին, թե կոնկրետ ինչ ձեռքբերումներ են գրանցվել Արամ Խաչատրյանի անունը կրող այս միջազգային երաժշտական փառատոնի գոյության 10 տարիների ընթացքում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնային համերգներին հանդես եկել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Գոթյե Կապյուսոնը և շատ ու շատ ուրիշներ։ Փառատոնային համերգները հեռարձակվել և հեռարձակվում են «Մեցցո» և «Մեդիչի» հանրահայտ միջազգային հեռուստալիքներով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանը միջազգային մշակութային հարթակներում ներկայացնելու համար։ Եվ ամենակարևորը. - «Քանի որ փառատոնի գլխավոր նպատակը Արամ Խաչատրյանի երաժշտությունը տարածելն է, հատկապես՝ այն տարածելը նոր մենակատարների շրջանում, որպեսզի Խաչատրյանի ստեղծագործությունները մտնեն հայտնի մենակատարների երկացանկում։ Պետք է նշեմ, որ այդ առումով շատ կարևոր աշխատանք է արել փառատոնը անցած տասը տարիներին։ Ինչպես նաև Խաչատրյանի այն ստեղծագործությունների հնչեցումը, որոնք այնքան էլ հաճախ չեն կատարվում, բայց արժեքավոր են, և պետք է նշեմ, որ փառատոնի շրջանակներում մենք տարբեր տարիների անդրադարձել ենք նրա ոչ միայն սիմֆոնիկ ստեղծագործություններին, վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններին, որոնք շատ հազվադեպ են հնչում Հայաստանում և ընդհանրապես, այլ նաև անդրադարձել ենք Խաչատրյանի կինոերաժշտությանը, որը նույնպես մի կարևոր ոլորտ է, և մի ամբողջական համերգով ներկայացրել նրա կինոերաժշտությունը»։
Հավելենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։