Թեղուտցի Արկադի Դավթյանը 5 տարի անց էլ չի հաշտվում քննիչների եզրակացության հետ, թե հղի կնոջ՝ 33-ամյա Անժելայի մահվան համար մեղավորներ չկան։ 2017-ի փետրվարին չորրորդ որդին պիտի ծնվեր։ Բայց երկուսի փոխարեն Ալավերդու ծննդատնից միայն երեխային է տուն բերել, որ 5 տարեկանում ո՛չ քայլում է, ո՛չ խոսում, անգամ ինքնուրույն նստել չի կարող, ողջ օրը տատի գրկին է։
«Վիզը չի պահում, մեջքը չի պահում, ախ անելով պահում եմ», - նշեց տատը:
Ընտանիքի համար մինչև այսօր էլ անհայտ են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, որ քննիչները 5 տարի առաջ քննության են առել, իրար կողք դրել բժիշկ-փորձագետների ծայրահեղ հակասող եզրակացություններն ու որոշել՝ Ալավերդու ծննդատանն ամեն ինչ ճիշտ, ժամանակին ու անթերի են արել, բժիշկների գործողություններում հանցակազմ չկա։
«Լիարժեք քննություն չգնաց, իրանք իրանց մեջ իրանց գործերը սաղ կարգավորեցին, ես էլ ոչ մի բան չկարողացա անել», - ասաց Արկադի Դավթյանը:
Փորձագետների առաջին խումբը՝ Հայաստանի առաջատար հիվանդանոցների ղեկավարների, այդ թվում՝ Ռազմիկ Աբրահամյանի, Գեորգի Օկոևի, և այլ հայտնի պրոֆեսորների մասնակցությամբ, ասել է, թե Ալավերդու ծննդատանը բժիշկները «բացթողումներ և թերություններ թույլ չեն տվել»։
«Բոլոր հետազոտությունները կատարվել են ժամանակին, ճիշտ, բուժումները եղել են անհրաժեշտ ծավալով՝ համապատասխան հիվանդի վիճակին։ Վիրահատական միջամտությունը եղել է արդարացված։ Սակայն կատարված բուժումները ցանկալի արդյունք չեն տվել, եղել են ոչ արդյունավետ և մահվան ելքը կանխել հնարավոր չի եղել», - ասված է հայտարարությունում։
Արկադին բժշկական բազմաթիվ տերմինների արանքում մի քանի հասկանալի նախադասություն է որսացել ու բողոք ներկայացրել, վիճարկել բժիշկներին արդարացնող եզրակացությունը։ Հղիության 9 ամիսներին կինն առողջական խնդիրներ չի ունեցել, ծննդատանն անհանգստանալու որևէ առիթ չեն տվել, թե երեխան կարող է հաշմանդամությամբ ծնվել։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ընդամենը մի քանի ժամում ծագած խնդիրները կնոջը մահվան դուռը հասցրին, անպատասխան հարցեր է տալիս Արկադին ու հազիվ զսպում արցունքները։
«Գնացել-եկել, ոչ մի խնդիր չի եղել, դաժե ես եմ իրենց հարցրել՝ ինչ-որ խնդիր կա՞, ասել են՝ «չէ, ամեն ինչ նորմալ է, նորմալ հղիություն է տանում, նորմալ կազատվի», ու եկավ նորմալ ազատվեց էս կյանքից», - ներկայացրեց նա:
Արկադիի բողոքի հիման վրա մի քանի ամսից կրկնակի փորձաքննություն է սկսվել։ Այս անգամ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» է ստանձնել գործն ու առաջին եզրակացությանը լրիվ հակասող պատասխան տվել՝ ծննդաբերության պատմագրից ուշագրավ մեջբերումներով. - «Պտղի ծնվելուց 10 րոպե առաջ կնոջ ընդհանուր վիճակը կտրուկ վատացել է՝ շնչարգելություն, մաշկը՝ գունատ, պուլսը՝ թելանման, չի հաշվվում։ Այս պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգը ժամանակին մասնագետներ չի հրավիրել վերակենդանացմանն ուղղված միջոցառումների համար»։
Ըստ փորձագետների նկարագրության, կես ժամ անց, երբ արդեն երեխան ծնվել էր, առատ արյունահոսություն է սկսվել, բայց կնոջը վիրահատարան են տեղափոխել դրանից մեկուկես ժամ հետո, երբ արդեն ավելի քան երկու լիտր արյուն է կորցրել։ Ընդ որում, քննիչի մեջբերումներում հստակ նշված է. - «Վիրահատական միջամտությունն սկսել են զգալի ուշացումով, արգանդի պատի պատռվածքի հայտնաբերումից մեկ ժամ անց, երբ հիվանդն արդեն կորցրել էր ավելի քան երկուսուկես լիտր արյուն: Հիմնական բուժմիջոցառումները ձեռնարկելու, արյունահոսությունը ժամանակին դադարեցնելու, ինչպես նաև համարժեք ծավալով վերակենդանացման դեպքում զգալիորեն կմեծանար բարեհաջող ելքի հավանականությունը՝ ընձեռելով փրկել Անժելա Ղազարյանի կյանքը»։
Փորձագետները նկատել են նաև, որ Ալավերդու ծննդատանը բժշկական գրառումներն արվել են կիսատ-պռատ, ջնջումներով, կան բազմաթիվ առանձին սոսնձված թերթեր։
Ի վերջո քննիչն իր ձեռքին ունեցել է փորձագիտական երկու խմբերի ըստ էության իրար հակասող երկու եզրակացություն ու որոշել երրորդ դատաբժշկական փորձաքննությունը պատվիրել, ու դրա համար դիմել է 2018-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նախարարության ձևավորած երրորդ փորձագիտական խումբը կարճ, մի քանի պարբերությամբ հերքել է բժիշկների գործողությունները կասկածի տակ առած եզրակացությունն ու վերադարձել առաջին վարկածին՝ «Անժելա Ղազարյանի արգանդի պատռվածքի արդյունքում առաջացած արյունահոսությունը պայմանավորված չի եղել բուժանձնակազմի մասնագիտական բացթողումների կամ թերացումների հետ։ Ձեռնարկվել են համապատասխան և ճիշտ միջոցառումներ»։
Արդեն երրորդ՝ բժիշկներին արդարացնող եզրակացությունից հետո քննչական կոմիտեն փակել է գործը՝ դադարեցրել քրեական հետապնդումն Ալավերդու բժշկական կենտրոնի 5 բժիշկների նկատմամբ։
«Ինձ մենակ ասում էին, թր գնացել է վերաքննիչ, փորձաքննական չգտեմ ինչ, վերջում բերին մի հատ եզրակացություն տվին՝ ոչ մեկը մեղավոր չի, բժշկական տերմիններով չգիտեմ ինչ-ինչ», - պատմեց Դավթյանը
Դարակներում բժիշկների ու իրավապահների՝ ընտանիքի համար կասկածելի եզրակացություններն են, տան կենտրոնում՝ Անժելայի մեծադիր լուսանկարը։
Այս ամբողջ պատմությանը լուռ հետևում էր Աննան, որ ընտանիքի վշտի մասին իմանալուց հետո որոշել է՝ պետք է նրանց կողքին լինի։ Դեռ 23 տարեկանում սոցցանցերում գտել է Արկադիին, մտերմացել նրա հետ ու հարս եկել այս տուն։ Սկզբում շատ դժվարություններ ենք ունեցել, բայց հաղթահարել ենք, ասում է Աննան։
«Իրան հեռուստատեսությունով, որ տեսա, ես գտա, շփվեցինք մի քիչ, ծնողներս չէին ուզում, ճիշտն ասած, ասում էին՝ երեխ կա, բայց կապ չուներ դա իմ համար, ես փախա իր հետ», - ասաց Աննան:
4 տարեկան Հայկն ընտանիքի 5-րդ որդին է։ «Հայրս ամենաուժեղն է», - ասում է, ցույց տալիս անտառից տուն հասցրած միրգն ու վազում եղբայրներին օգնելու։