Ինդոնեզիայում խորհրդարանը քննարկում է Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որը, հավանաբար, կընդունվի դեկտեմբերի 15-ին:
Լրամշակումներից մեկի համաձայն, առաջարկվում է արտամուսնական սեռական կապը համարել քրեական հանցագործություն, որի համար կնախատեսվի ընդհուպ մեկ տարվա ազատազրկում: Բացի այդ, զույգերին կարգելվի միասին ապրել մինչև ամուսնությունը:
«Ես հպարտանալու եմ քրեական օրենսգրքով, որը համապատասխանելու է ինդոնեզիական ավանդական արժեքներին»,- ասել է Ինդոնեզիայի արդարադատության փոխնախարար Էդուարդ Օմար Շարիֆ Հիարեջը:
Նոր օրենսգրքով երկրի նախագահին և պետական իշխանությանը հասցեագրված վիրավորանքի համար անձը կարող է դատապարտվել ընդհուպ երեք տարվա ազատազրկման:
Քրեորեն դատապարտելի կմնան հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունը բռնաբարության հետևանք է:
Ինդոնեզիայում իշխանությունների պահպանողական տրամադրությունները հետզհետե ավելի նկատելի են դառնում:
Մահմեդական շրջանակները կողմ են Քրեական օրենսգրքի նոր նախագծին: Նրանց ընդդիմախոսների պնդմամբ, այդ նախագիծը հակասում է ազատական բարեփոխումներին, որոնք իրականացվել են 1998 թվականին դիկտատոր Սուհարտոյի պաշտոնանկումից հետո:
Իշխանությունը փորձել է 2019 թվականին լրամշակել Քրեական օրենսգիրքը, սակայն այն ժամանակ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել և պնդել, որ լրամշակումները կսահմանափակեն դժվար պայքարում ձեռք բերված քաղաքացիական ազատությունները: