Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Պուտինը քննադատել է Արևմուտքի, այդ թվում՝ Գերմանիայի կողմից Ուկրաինային սատարելու և զենք տրամադրելու քաղաքականությունը, պնդելով, թե դրա հետևանքով է երկարաձգվում պատերազմը:
«Զրույցում ուշադրություն է հատկացվել արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի ապակառուցողական գործելակերպին: Արևմուտքը զենք է տրամադրում Կիևի ռեժիմին և պատրաստում է ուկրաինացի զինծառայողներին: Քաղաքական ու ֆինանսական համակողմանի օգնությունն Ուկրաինային հանգեցնում է նրան, որ Կիևը բացարձակ մերժում է բանակցությունների գաղափարը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Մոսկվան պնդում է նաև, թե այդ աջակցությունն «ուկրաինացի արմատական ազգայնականներին խրախուսում է և դրդում է կատարել արյունալի նոր հանցագործություններ խաղաղ բնակչության նկատմամբ»:
Պուտինը գերմանական կողմին կոչ է արել «վերանայել դիրքորոշումն ուկրաինական իրադարձությունների համատեքստում»: