Կրեմլը պատրաստ չէ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե նախապայման է դրվում Ուկրաինայից հեռանալը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն, ով միաժամանակ նշել է, թե Դաշնության լիդերը պատրաստ է շարունակել շփումները:
Պեսկովը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունն այն մասին, որ «բանակցությունները հնարավոր են, եթե Պուտինը հեռանա Ուկրաինայից»: Նախօրեին Վաշինգտոնում Բայդենն այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում:
«Հատուկ ռազմական օպերացիան, անշուշտ, կշարունակվի: Պուտինը բաց էր և հիմա էլ պատրաստ է քննարկումների համար: Իհարկե, մեզ համար նախընտրելի է մեր շահերն ապահովել խաղաղ, դիվանագիտական ուղիներով», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: