Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Միրզոյան


Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը շեշտվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում հանդիպելով՝ պաշտոնյաները կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:

Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների գործընկերների հետ: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ զրուցել են իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG