«Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորումը հրամայական է Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար», - հայտարարել է նախագահ Ջո Բայդենի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Քրիստինա Քվինը երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Դեսպանի պաշտոնում իր հաստատման հարցով լսումների ժամանակ դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել օգնելու երկու կողմերին երկարատև խաղաղ լուծման հասնելու համար:
Քվինը խոստացել է իր թեկնածության հաստատման դեպքում սերտորեն աշխատել այդ հանձնաժողովի և Կոնգրեսի բոլոր անդամների հետ Հայաստանում Միացյալ Նահանգների շահերն առաջ տանելու համար, նաև Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսությունն ուժեղացնելու ուղղությամբ, կամ մեկ բառով՝ ինքնիշխանությունը, հավելել է նա։
Դեսպանի թեկնածուն իր ելույթում նշել է, որ մեծացել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որտեղ գտնվում է հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը, և որ նրանք խոսել են օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության մասին, «որը ստիպեց նրանց ընտանիքներից շատերին նոր տներ փնտրել Ամերիկայում»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է, որ եթե իր թեկնածությունը հաստատվի, պարտավորվում է անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հիշելու համար Հայոց ցեղասպանության զոհերին և աջակցելու Հայաստանի խաղաղ ապագային: «Այդ նպատակով ես կանեմ ամեն ինչ՝ խրախուսելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող քննարկումները, որոնք մի քանի քայլ առաջ են գնացել», - ասել է Քրիստինա Քվինը։