Մատչելիության հղումներ

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն միշտ կա. Էդուարդ Աղաջանյան


Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյան- Ալիև բրյուսելյան հանդիպումը չեղարկվել է, իսկ նոր հանդիպման մասին դեռևս որևէ հայտարարություն չկա, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը բանակցային գործընթացը փակուղային չի համարում՝ շեշտելով, որ Հայաստանը այս պահին էլ պատրաստ է մասնակցել դեկտեմբերի 7 -ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Ադրբեջանի նախագահն անցած ուրբաթ հայտարարել էր, թե հանդիպումը չեղարկվում է, քանի որ վարչապետ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Ալիևը պնդել էր, թե դեմ է Ֆրանսիայի նախագահի միջնորդությանը՝ դա բացատրելով՝ «Փարիզի հակաադրբեջանական դիրքորոշմամբ»։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում փակուղում հայտնված բանակցային այս գործընթացը, հույս կա՞, որ նոր հանդիպում կկազմակերպվի Ալիևի և Փաշինյանի միջև:

Էդուարդ Աղաջանյան. - Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում: Ադրբեջանի դիրքորոշումը և ընդհանրապես գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ. եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ: Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը, բնավ, դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային:

«Ազատություն». Հնարավոր համարո՞ւմ եք նոր հանդիպում դեկտեմբեր ամսվա մեջ:

Էդուարդ Աղաջանյան. - Դե, պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա:

Ընդ որում, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը թե Արցախում և թե Հայաստանի սահմաններին հրադադարի հաճախակի դարձած խախտումները չի կապում բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ՝ նշելով, որ լարվածություն մշտապես առկա է վերջին 2 տարիների ընթացքում։ Վերջին շրջանում գրեթե ամեն օր Ադրբեջանը Հայաստանին և Արցախին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանն ու Ստեփանակերտը հերքում են այդ պնդումները՝ իրենց հերթին հաղորդելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ սահմանային իրավիճակը մշտապես լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում, և դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, և կարծում եմ՝ դժվար է շատ հստակ պայմանավորել կոնկրետ քաղաքական գործընթաց ինչ-ինչ լարված դրվագների հետ սահմանային իրավիճակներին վերաբերող, և դրանք, կարծում եմ, ենթադրություններ են», - հավելեց պատգամավորը:

Հարցին՝ այս պահին մե՞ծ է հավանականությունը Ադրբեջանի կողմից նոր ռազմական բախումների, նա պատասխանեց. «Նման հավանականություն, այո, միշտ կա»:

Արդյոք այս պահին սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց տեղի է ունենում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտգործնախարարը օրերս «հայկական օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղերի» մասին էր խոսել. Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դրանք նոր հայտարարություններ չեն, իսկ սահմանազատման հետ կապված գործընթաց տեղի է ունենում, նաև ոչ հրապարակային. «Գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթաց պետք չէ ընկալել ամենօրա կամ օրումեջյա հաճախանակությամբ հանդիպումների տեսքով, գործընթացները, այո, ներառում են կոնկրետ հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլն, բայց դրանց արանքում, բնականաբար, ոչ հրապարակային ևս գործընթացներ և խոսակցություններ տեղի են ունենում»:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի պահվածքը ցույց չի՞ տալիս, որ Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն չունի, Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե Հայաստանը պետք է առաջ շարժվի իր կողմից առաջ քաշած օրակարգով և ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանը դառնա այդ օրակարգի մաս։ Ու թեև մինչ այս պահը Հայաստանին դա չի հաջողվել իրականացնել ամբողջությամբ, ամենևին չի նշանակում, որ պետք է հրաժարվել խաղաղության օրակարգից:

XS
SM
MD
LG