Մատչելիության հղումներ

Ֆրանսիական բագետը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում


Ֆրանսիական բագետը:
Ֆրանսիական բագետը:

Շատ երկրներում արտադրվող և սիրված ֆրանսիական հացի տեսակը՝ բագետը (baguette) ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

Փարիզում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակն այսօր քվեարկությամբ է ընդունել այդ որոշումը:

«Բագետը կենդանի ժառանգություն է, ծանր ճանապարհ է անցել, երբ երեխան ատամ է հանում, ծնողները բագետի ծայրից մի փորք կտոր են պոկում են, որ նա ծամի, երբ մեծանում է՝ նրան հանձնարարված առաջին խնդիրն է գնալ խանութ և բագետ գնել: Տարեցներից շատերի համար բագետ գնելը դառնում է սոցիալական շփումների միակ միջոցը: Ֆրանսիայում 55 հազար բուլանժերիներից՝ (boulangerie) հացաբուլկեղենի խանութներից այսօր 35 հազարն է մնացել: Անցած կես դարում միջինն ամեն տարի մենք 400 հացի խանութ ենք կորցրել»,- ասել է Ֆրանսիայի հացթուխների միության նախագահ Դոմինիկ Անրան:

Baguette թարգմանաբար նշանակում է «ձողիկ», «փայտիկ» կամ «մահակ»: Ըստ մի լեգենդի, հացթուխներն այդ երկար ու բարակ հացատեսակը թխել են Բոնապարտ Նապոլեոնի զորքի համար, քանի որ զինվորն այն հեշտությամբ է իր մոտ պահել: Ըստ մեկ ուրիշ լեգենդի, բագետն առաջինը թխել է ավստրիացի հացթուխ Աոգուստ Զանգը:

Այսօր Ֆրանսիայում ամեն օր թխում են 16 միլիոն բագետ, ինչը կազմում է տարեկան 6 միլիարդ:

Մեկ բագետի գինը մեկ եվրո է: Թեպետ այն թխելու համար պետք է միայն ալյուր, ջուր, աղ և թթխմոր, հացթուխներն ասում են, որ թխելու ձևերը տարբերվում են, և ամեն մի հացի փուռ հավատացնում է, թե իր գաղտնիքներն ունի:

Ըստ ֆրանսիացի մասնագետների, բագետ թխելուց առաջ դրա խմորը պետք է անպայման պահվի 15-ից 20 ժամ 4-ից 6 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանում: Ֆրանսիայում ամեն տարի անցկացվում են բագետ թխելու փառատոներ:

Հայկական հայտնի հացատեսակը՝ լավաշը, նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Հայտը 2013-ին ներկայացրել էին Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մշակույթի նախարարությունը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը: Այն բավարարվել է 2014-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG