Մատչելիության հղումներ

Տեղահանված ընտանիքի 3 անդամներն աշխատում են, բայց չի հաջողվում հաղթահարել աղքատության շեմը


1993 թվականին պատերազմի պատճառով Թալիշից հեռացած, ապա 2020-ին կրկին պատերազմի պատճառով հիմա էլ Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքում տունը կորցրած Իրինա Դանիելյանն արդեն 2 տարի ապրում է Երևանում ազգականներից մեկի լքված տանը։ Ընտանիքում վեց հոգի են՝ ինքը, որդին, հարսն ու երեք թոռները։

«Տղաս 35 տարեկան է, մեծ թոռս՝ 14 տարեկան, երեք թոռնիկ՝ էստեղ, երկուսն էլ՝ Ստեփանակերտում: Աղջիկս այստեղ չհարմարվեց ոչ մի ձևի, թոռնիկներս չուզեցին՝ մենք գնում ենք մեր հողն ու ջուրը», - «Ազատությանը» պատմում է նա:

Քաշաթաղից 2020-ին են հեռացել՝ այնտեղ թողնելով հարմարավետ տունն՝ իր տնտեսությամբ, իրենց հետ վերցրել են ընդամենը մի քանի իր, վստահ, որ ամենաուշը երկու շաբաթից վերադառնալու են. «Երեխան ասաց՝ մամա, ... կարող ա տունը թողենք, գնանք, գան, հանկարծ գողություն չանեն, մենակ համակարգիչն ու հեռուստացույցը դրել ենք, բերել, ասում է՝ մեկ էլ հետ գնալուց հետներս հետ կտանենք, տաքսիով էլ հետ ենք գնալու: Անասունները, գոմը բացել ենք, բաց ենք թողել դաշտը, ասել ենք՝ կարածեն»:

Հետ չեն գնացել, փոխարենը ստիպված են Երևանում նոր կյանք սկսել։ 65-ամյա կնոջ խոսքով՝ դեռ լավ է՝ տան վարձ չեն տալիս, բայց վարձի չափ գումար են ծախսել՝ փորձելով քիչ թե շատ կարգի բերել կիսաքանդ տունը, ստիպված են եղել վարկեր վերցնել, նորոգել խոհանոցի հատակն առնետներից ազատվելու համար, փոքրիկ խոհանոց ու սանհանգույց սարքել։

«Ես որ եկել եմ, էստեղ կռիսանոց ա եղել, փոս է եղել, ափսեները դնում էինք հատակի վրա», - հիշում է նա:

Առայժմ չեն կարողացել տան դուռը տեղադրել ու որպես ննջարան- հյուրասրահ ծառայող մյուս սենյակի հոսանքի լարերը փոխել, սենյակում երեկոյան լույս չկա։

65-ամյա կինը հպարտությամբ է ասում, որ ո՛չ ինքը, ո՛չ որդին ու հարսը երբեք պարապ չեն նստել, աշխատել են և՛ գյուղում, և՛ հիմա Երևանում։ Իրինային գործի է ընդունել «Օրրան» բարեգործական հիմնադրամը, ուր դասերից հետո իր հետ տանում է նաև կրտսեր թոռնիկին, մյուս երկու թոռները դպրոցից հետո սպորտով են զբաղվում, մեդալներ են շահում, մինչ ծնողները ևս աշխատանքի են լինում. «Իմ հարսն աշխատում է խանութում, տղաս էլ բանվորություն է անում տարբեր տեղեր, բոլորս էլ աշխատում ենք: Մենք էն մարդկանցից չենք, որ եկել ենք՝ հա, տուն ենք կորցրել, պետությունը, ոչ մեկը մեզ պարտական չէ, մենք բոլորս աշխատում ենք»:

Ընտանիքի երեք աշխատող չափահասներից տատիկի վաստակածը բավարարում է կոմունալ վարձերին, մյուսների աշխատավարձով վարկերն են փակում, ապրում երրորդի վաստակած 100 հազար դրամով, գրանցման ու թղթերին առնչվող հարցերի պատճառով որպես տեղահանված ընտանիք օգնություն են ստանում ընդամենը 40 հազար դրամ, դա էլ վերջին անգամ երեք ամիս առաջ են ստացել։

«Աղջիկս սվիտեր չունի, էսօր աշխատավարձ էի ստացել, ասացի՝ մի բանից պոկեմ, գոնե մի անգամ էլ երեխուն մի հատ էլ յառլիկով շոր հագցնեմ», - ասում է կինը:

Հայաստանի կառավարության կիրառած չափանիշով Իրինա Դանիելյանի ընտանիքն աղքատ է, չնայած տանն աշխատում է երեք մեծահասակ, նրանց վաստակած ընդհանուր գումարն ընտանիքի վեց անդամների թվին բաժանելիս յուրաքանչյուրի դեպքում ստացվում է 44 հազար դրամից պակաս։

«Հայաստանում վերջին տվյալները հասանելի են 2020 թվականի համար, և 2020թ. վարձու աշխատողների 19.7 տոկոսն աղքատ էր», - ասում է տնտեսագետ Արմինե Պողոսյանը:

Աշխատանք ունենալն աղքատության հաղթահարման կարևոր, բայց ոչ միակ պայմանն է, բացատրում է նա։

Մինչ այդ կառավարության վերջին նիստին վարչապետը հայտարարեց՝ Հայաստանում հոկտեմբերին գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա, միայն այս տարի 42 հազարով ավելի նոր աշխատող նախորդ տարվա համեմատ:

Սեպտեմբերին Հայաստանում գրանցված միջին աշխատավարձը 236 հազար դրամ է: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրում, այնուամենայնիվ, այսքան շատ են աշխատող աղքատները։ Արմինե Պետրոսյանի խոսքով՝ միջին աշխատավարձի հաշվարկի վրա մեծ ազդեցություն ունի բարձր եկամուտ ունեցողների վաստակած գումարը։ Նրանք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են. «Կարևոր է հասկանալ, թե որ եկամտային խմբերի աշխատավարձն է հատկապես աճել, օրինակ՝ սեպտեմբերին Հայաստանում 2 միլիոն և ավելի աշխատավարձ ստացողների թիվը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 4 հազարով ավելացել է», - նշեց նա:

65-ամյա Իրինայի տանն իրենից բացի, որևէ մեկը չցանկացավ հայտնվել տեսախցիկի առաջ. սոցիալական խնդիրների մասին խոսելը բարդ է, իսկ հաղթահարելու ճանապարհն՝ ավելի մշուշոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG