Մատչելիության հղումներ

«Իմ Կոմիտասը» ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի ծննդյան 95 -ամյա հոբելյանին


Այս տարի լրացավ հայ լավագույն գեղանկարիչներից Սարգիս Մուրադյանի ծննդյան 95 -ամյա հոբելյանը, որը նշանավորվեց օրերս Ազգային պատկերասրահում բացված «Իմ Կոմիտասը» խորագիրը կրող մի հրաշալի ցուցահանդեսով։ Ներկայացված են ավելի քան 16 ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ գեղանկարիչը դեռ անցյալ դարի 50-ականների կեսերից է անդրադարձել Մեծ Եղեռնի թեմային, և ծնունդ են առել այնպիսի հանրահայտ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Վերջին գիշերը․ Կոմիտաս» (1956 թ․), «Կոմիտաս․ 1915թ․ ապրիլ» (1965), «Սարդարապատի հերոսամարտը» եռապատկերը, որը ստեղծվել է 1977 թվականին և այլ ստեղծագործություններ։

Սարգիս Մուրադյանի դուստրը՝ գեղանկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն «Ազատության» հետ զրույցի ընթացքում ասաց. - «Փետրվարին լրացավ հայրիկիս 95-ամյակը: Եվ ես դեռ անցյալ տարի դիմել էի և՛ «Գաֆեսճյան» կենտրոնին, և՛ Ազգային պատկերասրահին, որ բացի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահից ուրիշ ցուցադրություններ արվեն: «Գաֆեսճյան» մշակութային կենտրոնը ցուցադրեց մեռ եռանկար «Սարդարապատը» դեռ ամռանը, իսկ Ազգային պատկերասրահը սեպտեմբերին պետք է աներ, պատերազմական գործողություններ սկսվեցին, հիմա նոր բացեց «Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը» ցուցադրությունը: Դա Ազգային պատկերասրահի մտահղացումն էր հենց այդ ֆորամտով»:

Սարգիս Մուրադյանը 60-ականների սերնդի մեր այն լավագույն գեղանկարիչներից է, որի թողած ժառանգությունը 20-րդ դարի հայ գեղանկարչության հիմնական դիմագծի անքակտելի մասն է։ Թե՛ իր ժամանակին, թե՛ հետմահու բազմաթիվ անհատական շատ հետաքրքիր ցուցահանդեսներ են ներկայացվել արվեստասերներին և արվեստագետներին։ Նրա աշխատանքները պահպանվում են բազմաթիվ թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում և ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Այսօր Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում, ինչպես նշում է Զարուհի Մուրադյանը. - «Ցուցադրությանը ներկայացված է պատկերասրահի ֆոնդերից երեք հիմնական աշխատանք, այսինքն, «Կոմիտաս. վերջին գիշեր», «Անտունի» և «15 թիվ», իսկ ընտանեկան հավաքածուից, դրանց էսքիզները, բացի դրանից, ընտանիքը տրամադրել է «Հայ մտավորականների գողգոթան» և ուրիշ թանգարանից երկու փոքրիկ գործ նույնպես վերցրել են, ցուցադրում են»:

Դեռ 1965 թվականից Սարգիս Մուրադյանը շատ եռանդուն մասնակցություն է ունեցել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործին, նաև մի շարք հայ մտավորականների հետ այդ տարիներին նվիրվել է նաև Արցախի հիմնախնդրի բարձրաձայնմանը, ինչը չափազանց բարդ պրոցես էր խորհրդային տարիներին, իսկ 1988-1996 թվականներին նվիրվել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անկախացման համար տարվող պայքարին։

«Ես ուրախ եմ, որ այսպիսի ցուցահանդես է, չնայած այս դժնդակ, ծանր օրերին մեր ժողովրդի համար: Ուրախ եմ, որ հայրս չկա ու չի տեսնում այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի և Արցախի հետ, բայց այս ցուցահանդեսը թող ահազանգի նման նորից հիշեցնի մեզ, թե ինչ վտանգներ են կախված մեր ժողովրդի գլխին: Ճիշտ է ընտրված հենց այս օրերին, հենց այս ժամանակներում, երբ նորից ցեղասպանության վտանգը կախված է Արցախի, մեր երկրի գլխին, բոլորիս գլխին, կարծում եմ, որ ցուցահանդեսը սթափության կոչ է ու մարդիկ նորից կլրջանան, կմտածեն, որովհետև, ավաղ, շատերը չեն հասկանում վիճակի լրջությունը», - ասաց Զարուհի Մուրադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG