Մատչելիության հղումներ

Երևանի Բունկա փղի միայնությունը. միջազգային կազմակերպությունները ստորագրահավաք են սկսել


Երևանի կենդանաբանական այգու փիղը՝ Բունկան միջազգային հարթակներ է բարձրացել: Հայտնի դերասաններ, կենդանիների բարեկեցությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններ «Ազատություն Բունկային» խորագրով ստորագրահավաք են սկսել, ավելի քան 73 հազար մարդ արդեն իսկ միացել է կոչին։

«Փոքրիկ ասիական արու փղի հուսահատությունն ու միայնությունն անմիջապես զգացի»,- գրում է բրիտանացի լրագրող Մարկ Սթրեթոնը, որ Բունկայի փրկության շարժումը նախաձեռնեց նրան տեսնելուց անմիջապես հետո:

Վաղը փղի հարցով միջազգային փորձագետներ են այցելելու այգի, որպեսզի վերջնական եզրակացություն տան ՝ ինչ անել միայնակ փղի հետ:

«Մենք սպասում ենք էսպերտին, կընդունենք, կտանք ամբողջական հնարավորություն», - ասաց Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:

Բունկայի փրկության արշավի հեղինակներն առաջարկում են նրան վերականգնողական կենտրոն տանել՝ Թայլանդ կամ Հնդկաստան։ Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենը համաձայն չէ, պնդում է՝ Բունկայի բոլոր պայմանները, հոգեվիճակը՝ ամեն ինչ կարգին է , միակ միջազգային պահանջը, որ պահպանված չէ, նրա մենությունն է, դա էլ պատրաստվում են լուծել:

«Ստացել են քաղաքապետի անմիջական հավաստիացումը, որ կլինի համապատասխան ֆինանսավորում», - ասաց նա:

Փոխտնօրենը հույս ունի՝ եկող տարի երկրորդ փղի համար նախատեսված ազատավանդակի, ձմեռանոցի շինարարությունը կսկսեն. «Կանենք ամեն ինչ մեզանից կախված, որ Բունկան մնա իր տեղում և ունենա զուգընկեր Երևանում»:

Բունկան շուտով 15 տարեկան կդառնա, ենթադրվում է՝ սեռահասուն է. «Տեխնիկապես արդեն մոտ է սեռահասուն լինելուն, բայց լիարժեք զույգ կազելու, զուգընկերոջ հետ միացնելու համար մենք կարող ենք դեռ 1-2 տարի սպասել», - ասաց փոխտնօրենը:

Բունկային խնամողը՝ տիկին Ալլան էլ է տարակուսում՝ փղին ինչո՞ւ են ուզում տանել, Բունկայի հոգեվիճակը լավ է, հաճույքով խժռում է բանան, խնձոր, նարինջ, ոտնաթաթը դեմ տալիս եղունգների հարդարման ժամին: Այն առումով էլ դեռ հանգիստ է՝ մեկ տարուց գուցե ակտիվանա:

Տիկին Ալլան, որ երևանյան նախորդ Գրանդ փղին էլ խնամել է, ասում է՝ սեռահասունության նշանը արու փղերի մոտ այն է, որ ականջի ու աչքի միջև տեղակայված գեղձերից հեղուկ է հոսում: Բունկայի մոտ այդպիսի նշան նկատել է, բայց վիճակը ծայրահեղ լարված չի համարում: Բունկայի ձմեռանոցի մոտ մի փոքրիկ թանգարան կա, այստեղ այգու նախկին փիղն է, որին ատամնացավով Թբիլիսի ուղարկեցին, հիմա նա ընտանիք ունի:

Գրանդի զուգընկերուհին այնտեղ հենց Բունկայի մայրիկն է: Այգում հույս ունեն՝ հենց փղի տարածքներն ընդլայնեն, ավարտեն, Բունկան էլ ընկերուհի կունենա:

«Փիղը խմբային կենդանի է, այսինքն՝ կենդանիների բարեկեցության տեսանկյունից այդ կենդանին պետք է գտնվի խմբում և խմբի հետ», - շեշտում է «Փրո փուոզ» բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Նա պնդում է՝ խնդիրը զուգընկերուհին չէ, խումբ է պետք: Ի վերջո, վստահ է, որքան էլ երեխաները ցանկանան փիղ տեսնել, արդյոք այդ կենդանին ցուցադրելու վիճակում է. «Կենդանաբանական այգիների իմաստը որևէ կերպ առաջին հերթին զվարճությունը դիտարկել չի կարելի, դա գիտակրթական հետազոտական կենտրոն է, որտեղ պետք է հիմնականում զբաղվեն անհետացող կենդանիների և անազատ պայմաններում պահվող կամ ծնված կենդանիների ցուցադրմամբ»:

Նարե Արամյանը շեշտում է՝ առանց այս էլ Հայաստանը շատ վատ վարկանիշ ունի վայրի կենդանիների բարեկեցության ապահովման առումով: Հիշենք Գյումրու ամենատխուր գազանանոցը, որ փակվեց հենց բրիտանական մամուլի ակտիվ հրապարակումներից հետո։

Երևանյան այգու փղերը առանձնապես բախտավոր չեն եղել՝ հենց առաջինը Վովան կատաղությամբ Մյասնիկյան պողոտա դուրս եկավ ու շատ մեծ կենդանուն կառավարել չկարողանալով՝ նրան զրահատեխնիկայի տակ տրորեցին: Կատաղության հավանական վարկածներից մեկը էգի բացակայությունն էր:

Այգում կարող էր երջանկանալ Գրանդ փիղը, բայց նրա հարսնացուն՝ Մաշան հյուսիսից, սատկեց անհասկանալի պայմաններում:

Վաղը փորձագետները կզննեն, կուսումնասիրեն Բունկային ու նրա պայմանները: Մինչև այդ նա շարունակում է մնալ այգու ամենասիրելին ու խելոք արձագանքում է ամենափոքրերի կանչերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG