Մատչելիության հղումներ

Շինհրապարակ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ


«Ուղղե'ք այս մեծ սխալը», - ահազանգում են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, ցույց են տալիս հենց կենտրոնի մի քանի շենքների միջև մխրճված տարածքը և այդտեղ սկսված ակտիվ շինարարությունը։

«Արդեն էն մոտիկ մասնաշենքում աշխատել չի լինում», - ասում է կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը՝ հավելելով, որ ցնցումների, աղմուկի, փոշու պատճառով գիտնականները արտակարգ դրության պայմաններում են։

Այստեղ նաև միլիոնանոց բացառիկ սարքավորումներ կան, գերազգայուն, որոնք կարող են այս պայմաններում շարքից դուրս գալ։ «Տատանումները շատ ուժեղ են լինելու։ Դեռ ահագին հեռավորության վրա է, բայց արդեն մենք զգում ենք։ Փոշին շինարարական շատ-շատ վտանգավոր է մեր սարքի համար», - նշում է կենտրոնի ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի ջրավազանը, որ Խորհրդային Միությունը կառուցել էր քիմիական այս ինստիտուտների էկոհամակարգի պահպանման ու արտանետումների կլանման համար, 2007 թվականին վաճառվել է։ Ինչպես հետո դատախազության ուսումնասիրությունից է պարզ դարձել՝ շուկայական արժեքից 220 անգամ պակաս գնով՝ 3 հազար քառակուսի մետրը շուրջ մեկ միլիոն 200 հազար դրամով։ Այս արտառոց գործարքից 10 տարի անց հարուցված քրեական գործի շրջանակում պարզ դարձավ, որ օտարման գործարքը կեղծ մասնագիտական եզրակացությամբ է կատարվել ու երևանյան իշխանությունների պաշտոնական անփութությամբ։

Այս քրեական գործը սակայն, կենտրոնի փոխտնօրենի փոխանցմամբ, կարճվեց վաղեմության ժամկետի հիմքով, բայց կարևոր առաջարկությամբ. - «Քաղաքապետարանին հանձնարարական կամ առաջարկ է եղել, որ հետ վերադարձվի։ Բայց չեն արել»։

Վաճառքն անվավեր չի համարվել, տարածքն էլ մի քանի անգամ վերավաճառվել է ու ի վերջո այստեղ շինարարություն է սկսել տարածքի վերջին գնորդը՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը։ Շինաշխատանքները ծավալվում են ջրավազանի տեղում ծածանվող եռագույն դրոշի ներքո։

«Ստեղ կառուցվելու ա բազմաֆունկցիոնալ համալիր», - ասում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Դավիթ Աթանեսյանը՝ հավելելով, որ 14 հարկանի շենքի մի մասում հասարակական տարածքներ կլինեն, իսկ Ազատության պողոտային նայող հատվածում՝ բնակելի մաս։

Գիտնականների դժգոհությունը Դավիթ Աթանեսյանը չի հասկանում, ասում է՝ եթե սարքերը վնասվեն, փորձագետները կգնահատեն, ու իրենք կփոխհատուցեն. - «Եթե Աստված ոչ անի, ինչ-որ բան վնասենք, ապահովագրությունը դա կծածկի։ Բայց համենայն դեպս մենք գրավոր իրենցից խնդրել ենք, որպեսզի իրենք մեզ տրամադրեն այդ սարքերի ցանկը»։

Այդ սարքերից հասկանում են միայն մեր գիտնականները, ի՞նչ փորձագետ եք գտնելու, առարկում են գիտնականները։ Ասում են՝ բնակելի շենքը գիտական հաստատությունների ուղիղ մեջտեղում բազմաթիվ այլ խնդիրներ է ստեղծելու։ Այս ինստիտուտներում քիմիական բազմաթիվ նյութեր կան, ահա թե ինչու է այն բնակելիներից որոշակի հեռավորության վրա կառուցվել խորհրդային տարիներին. սնդիկի պահեստներ, մշտապես օգտագործվող ացետոն։ Մի քանի մետրի վրա բնակիչները դրան կդիմանա՞ն։

«Մենք օրական շատ մեծ քանակով օգտագործում ենք։ Էդ հոտը որ բնակիչը առավ, ու առնելու ա, որովհետև մեր քաշիչ պահարաններից էդ օդը դուրս ա գալու, բողոքեց, էդ ժամանակ կարա՞ս բացատրես, որ իրա համար անվտանգ ա։ Վտանգավոր նյութեր էլ են լինելու», - նշում է Ռոբերտ Հակոբյանը։

«Եթե դրա տաս տոկոսը ճիշտ ա, ստեղ հինգ կիլոմետր ռադիուսով մարդկանց պետք ա էվակուացնել։ Հիմա ստեղ ձկան ռեստորան կա, սննդի օբյեկտ ա, հենց իրանց պահակակետի մի մասում։ Բա եթե թունավոր բաներ կա, ո՞նց ա սննդի օբյեկտը աշխատում», - հակադարձում է Դավիթ Աթանեսյանը։

Գիտնականները կանխատեսում են, որ հետո էլ այս նոր շենքի բնակիչները կբողոքեն քիմիական միջավայրի դեմ ու կասկածի տակ կդրվի կենտրոնի գործունեությունը։ Այս բնակելիի կառուցման դեմն առնելու համար գիտնականները վարչապետ, քաղաքապետ, ում ասես չեմն դիմել։

«Անձամբ ֆուտբոլի գնդակ եմ դարձել, այս ու այն կողմ են նետում», - ասում է կենտրոնի փոխտնօրենը։ Վերևներից, հավելում է, պատասխան ոչ միայն չկա, այլև բնակելի շենքն իրականություն դարձնելու համար հաղթահարվում են բոլոր խոչընդոտները։ Այս տարածքով է անցնում Երևանի հնագույն ջրանցքներից մեկը՝ Աբուհայաթ, որը թվագրվում է Վանի թագավորությանը. - «Իրա ունիկալությունն այն է, որ ինքը ինքնահոս մինչև Էրեբունի առանց ջրի կորստի հասցրել ա»։

Կենտրոնի գլխավոր մասնաշենքը կառուցվել է հենց ջրանցքի վրա։ Աբուհայաթ ջրանցքը ողջ երկարությամբ Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում էր։ Նախորդ տարի ջրանցքի այն հատվածը, որ Ազատության պողոտայով է անցնում, կառավարության որոշմամբ հանվեց ցանկից։ Հիմա շինարարաները ներկայացել են քաղաքապետարանից ստացած ոռոգման համակարգի արդիականացման շինթույլտվությամբ ու նոր փոս են փորում պատմական ջրանցքը տեղափոխելու համար։

«Հունը ուզում են փոխեն, տեղափոխեն մեր մասնաշենքերի մոտ, որովհետև եթե ստեղ մնա, իրանք շինարարություն չեն կարողանա անել, որովհետև ոչ մի նորմերի չի համապատասխանելու», - ասաց փոխտնօրեն Հակոբյանը։

Աբուհայաթ ջրանցքի այս մասն այլևս հուշարձան չէ, արդիականացնում ենք, հակադարձում է կառուցապատողը. - «Ջուրը չի կարող լինել հուշարձան։ Իսկ կառույցը իրա պատմամշակությանի նշանակությունը կորցրել ա, դրան համապատասխան կան հնագետների եզրակացություններ»։

Ընդ որում, շինաշխատանքներ ըստ նախագծի պետք է ծավալվեն ոչ միայն վաճառված, նաև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում։ «Մեզ ինչո՞ւ չեք հարցրել», - շարունակում են անպատասխան հարցեր հնչեցնել գիտնականները։ Դրանցից գլխավորը՝ մի՞թե մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան նոր դեղերի մշակումն ու արտադրությունը, օգտակար նյութերի սինթեզը, օրգանական քիմիան ընդհանրապես։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG