Մատչելիության հղումներ

Երեկ ընդունված փոփոխությունը, ըստ ընդդիմության, հնարավորություն է ստեղծում առանց գաղտնազերծելու ոչնչացնել գաղտնի փաստաթղթեր


Ընդդիմությունը լուրջ մտահագություններ ունի, որ կառավարության նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում ընդունված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալու Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ոչնչացնել՝ առանց դրանք գաղտնազերծելու։

«Աստված մի արասցե, այդ արխիվը, ԱԱԾ-ում որ կա, սկզբից մինչև վերջ կամ հունարեն ասած՝ ալֆայից մինչև օմեգա վաղը չպարզվի, որ ոչնչացված է, և անվերադարձ է ոչնչացված», - երեկ խորհրդարանում ասել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Դեռևս 2001 թվականին ընդունված «Ազգային անվտանագության մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում էր, որ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև հետախուզական և հակահետախուզական գործունեության մասին տեղեկություններ պարունակող փաստաղթղերը ենթակա են պահպանման լիազորված մարմինի արխիվում և որ դրանք գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։

Երեկ ամբողջությամբ ընդունված օրենսդրական փոփոխությամբ 8-րդ հոդվածը վերախմբագրվել է հետևյալ կերպ՝ «արխիվի նյութերը գաղտանզերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ այդկերպ հնարավորություն է տրվում առանց գաղտանզերծելու փաստաթղթեր ոչնչացնել։ Հետևաբար իրենք առաջարկել են փոփոխության մեջ նշել, որ գաղտնազերծվում են և ոչնչացվում են, այսինքն՝ «կամ»-ը փոխարինել «և»-ով, ինչը կամայականությունների տեղիք չէր տա։ Սակայն ընդդիմության առաջարկները մերժվել են. - «Այս վիճահարույց դրույթը մտցնելով չի բացառվում, որ վաղը Ազգային անվտանգության ծառայությունում կամ կառավարությունում ձևավորվի հանձնաժողով, ինչ-որ ընթացակարգ որոշվի, և դրա հիման վրա առանց գաղտնազերծման փաստաթղթեր ոչնչացվեն»։

«Ազատություն». - Հնարավոր է, որ կառավարությունը որոշակի մտավախություննե՞ր ունի որոշակի տեղեկատվության հետ, և այս օրենքով փորձելու ապահովագրե՞լ իրեն հետագայում։

Մանուկյան. - Ենթադրություններ շատ-շատ կարելի է անել, հատկապես, որ վերջին մեկ-երկու տարիներին եղել են տեղեկատվական արտահոսքեր, որը մինչև հիմա էլ պաշտոնապես ո'չ հերքվել, ո'չ էլ հաստատվել է։ Մտավախություն կա, որ սրանով հնարավորություն ունեն նաև որոշակի գործողություններ իրականացնել և հասարակությունից թաքցնել տեղեկություններ։

Մինչդեռ ԱԱԾ տնօրենի տեղակալը երեկ խորհրդարանում վստահեցնում էր, թե իրենց առաջարկած փոփոխությունը որևէ նոր կարգավորում չի ենթադրում։ ԱԱԾ-ն ընդամենը նպատակ ունի հստակեցնել առկա օրենսդրական ձևակերպումը։

Այսօր էլ, ըստ Անդրանիկ Սիմոնյանի, կան փաստաթղթեր, որոնք ոչնչացվում են առանց գաղտնազերծման. - «Պահպանման ժամկետը լրացած պետական գաղտնիք պարունակող մի շարք փաստաթղթերի հետագա պահպանումը թեև կարող է համարվել ոչ-նպատակահարմար, սակայն դրանց գաղտնազերծման և հանրությանը հասանելի դարձնելու դեպքում կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին զգալի վնաս պատճառել։ Ուստի նման փաստաթղթերը ոչնչացվում են առանց գաղտնազերծման»։

Երեկ խորհրդարանը թեժ քննարկումների արդյունքում, հրատապ կարգով միանգամից երկու ընթերցմամբ ընդունեց օրենսդրական այս փոփոխությունը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձում էին հասկանալ՝ ո՞րն է շտապելու պատճառը, այդ ի՞նչ փաստաթղթերից է ուզում ազատվել իշխանությունը։ Չշրջանցվեց անգամ 1993-ին ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը։ Իշխանականներն էլ հիշեցրեցին Մարտի 1-ի գործը։

«Դեռևս չպարզաբանված հանգամանքներում սպանվեց ՊԱԿ տնօրեն Մարիուս Յուզբաշյանը։ Հարցեր առաջացան՝ էդ մարդը ի՞նչ գիտեր, որ իրան սպանեցին», - ասաց Արթուր Խաչատրյանը («Հայաստան»)։

«Արթուր Խաչատրյանը շատ կարևոր հարց հնչեցրեց՝ ո՞վ սպանեց Մարիուս Յուզբաշյանին։ Կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր էին գործակալները Մարիուս Յուզբաշյանի ժամանակահատվածում։ Պարոն Խաչատրյան, կարելի է ենթադրություններ անել, բայց չեմ խորանա», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

«Ո՞վ, այնուամենայնիվ, ձեզնից ու կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ Մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր», - հավելեց Ռուբեն Ռուբինյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյան

Ընդունված օրենքի հարակից զեկուցող, իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ևս պնդում է, թե որևէ բան իրականում չի փոխվել, քանի որ «Պետական և ծառայողական գաղտնիքի գաղտնազերծման մասին» օրենքի 15-րդ կետը արդեն իսկ սահմանում է, որ պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում են և համարվում են ծանոթանալու համար բաց, կամ ոչնչացվում են սահմանված կարգով։ Եվ հիմա «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը համապատասխանցվել է դրան։

«Եթե ոչնչացնել բառը ավելանում է, դրանից ոչ մի բան չի փոխվում, որովհետև ներկայումս էլի ոչնչացվում է, էդ կարգը սահմանված է այլ օրենքով», - «Ազատությանն» ասաց նա։ Ճշտող հարցին, թե արդյոք ոչնչացվելուց առաջ գաղտնազերծվում է, պատասխանեց. - «Ինձ համար հստակ չի»։

Իսկ հարցին, թե կարող է պնդել, որ այս փոփոխություն չի ստեղծվում կամայականությունների հնարավորություն ԱԱԾ-ի կամ այլ մարմնի համար իր հայեցողությամբ որոշակի տեղեկատվությունից առանց գաղտնազերծելու ազատվել, արձագանքեց. - «Միանձնյա որոշումով, այդ թվում գաղտնի կերպով, որևիցե մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում ոչնչացնել որևիցե գաղտնի տեղեկություն պարունակող փաստաթուղթ։ Կարող է իհարկե դա անել, բայց էդ ժամանակ ինքը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։

Իշխանական պատգամավորն առաջիկայում պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին՝ պարզելու, թե մինչև օրս ինչ տեղեկատվություն է գաղտնազերծվել։

XS
SM
MD
LG