Մատչելիության հղումներ

Հաշմանդամ դարձած հանքափորը փորձում է դատարանի միջոցով վնասի հատուցում ստանալ հանքատերերից


Ախթալեցի հանքափոր Արթուր Գիգոլյանը հանքում լիովին առողջությունը կորցնելուց հետո փորձում է դատարանի միջոցով վնասի հատուցում ստանալ հանքատերերից։

Այս տարվա ամռանը Շամլուղի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով 42-ամյա տղամարդն անկողնուն է գամվել։ Նրա 7 անչափահասները մնացել են նպաստի ու հաշմանդամության թոշակի հույսին։

Հանքը շահագործող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հոգացել է միայն 4 վիրահատությունների ու հիվանդանոցի ծախսերը՝ մոտ 6 միլիոն դրամի չափով։ Դրանից հետո Արթուրը, որ արդեն 5 ամիս ոտքերի վրա չի կանգնել, որևէ օգնություն չի տեսել հանքի տերերից։ Պնդում է՝ փլուզումը նրանց պատճառով է տեղի ունեցել։ Չեն հետազոտել ու չեն կանխել վթարի վտանգը. - «Եթե դուք գիտեք վտանգավոր տեղ ա, խի՞ եք հորատման աշխատանքներ տանում։ Եթե գիտեք ըդտեղ կավային շերտ ա, բա խի՞ եք ասում գնա ծակի։ Ես աշխատող եմ, ես հո գեոլոգ չեմ կամ մարկշրեյդեր չեմ, որ իմանամ կավային շերտ ա իրար վրա գնում, թե չէ»։

Կնոջ՝ Ասպրամ Գիգոլյանի ձեռքի տակ են բժիշկների ու փորձագետների եզրակացությունները, ըստ որոնց հանքի փլուզման հետևանքով Արթուրը 100 տոկոսով կորցրել է առողջությունն ու անկարող է աշխատել։ Ասպրամն ասում է՝ արդեն անհույս է, թե երիտասարդ ամուսինը երբևէ կքայլի. - «Սկզբից, որ ամուսնուս դեպքը պատահեց, ինձ ասեցինք՝ ակտով թոշակի կուղարենք, թոշակը կստանաք, ձեզ համար լավ կապրեք։ Իսկ ասեցի ամուսինս քայլելը, բանը, ասեցին՝ սաղ լավ ա ըլնելու, քայլելու էլ ա էդ մարդը, աշխատելու էլ ա, ստեղ մի հատ թեթև գործ կտանք, կաշխատի»։

Դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հղում են արել օրենքներին ու շեշտել՝ գործատուն պարտավոր է վճարել կորցրած աշխատավարձը, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, նույնիսկ առողջարանային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ այլ մասնագիտություն ստանալու համար գումարները:

Մինչդեռ Ընկերության արտադրության պետ Սամվել Հանիսյանն «Ազատությանն» ասաց` իրենց 15 տարվա արդեն նախկին աշխատակցի համար այլ ծախսեր չեն անի, քանի դեռ չկա դատարանի վճիռը. - «Դատարանը թող իրա որոշումը կայացնի։ Ինչ որոշում էլ կայացնի, հիմնարկը պատրաստ ա դրան»։

Պատահարի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դատախազությունից ասացին՝ դեռ փորձաքննության վերջնական եզրակացություններ չունեն քննությունն ավարտին հասցնելու համար։

Սա վերջին 5 տարում Շամլուղի հանքում տեղի ունեցած չորրորդ դժբախտ պատահարն էր, որոնցից երկուսն ավարտվել է մահով, երկուսը՝ հանքափորներին անաշխատունակ է դարձրել։ Բայց Արթուրը միակն է, որ դեպքից հետո բարձրաձայնում է, պահանջներ ներկայացնում, անգամ դատարան է դիմել. - «Թող մի հատ փորձագետ կանչեն, էթանք ուր որ ես աշխատել եմ... հենց մուտքից կարան հանքը փակեն։ Կարան փակեն, որ էդ հանքը պետք ա չօգտագործվի։ Մարդկանց մի էրկու կոպեկ տալիս են ղրկում են, թե մի քիչ ծնող ա, մընի ախպեր ա, խաբում-մափում են, փող են տալի, մեկը ավտո ա առնում, մեկը բան, մոռանում են, որ էդ հարիֆը մեռավ-գնաց, դե, մի էրկու կոպեկ են տվել, ձեռն չհանենք»։

Դեռ 2015 թվականին այստեղ բանվորները բողոքի ակցիա էին արել, աշխատանքային պայմաններից դժգոհել։ Նշել էին, թե հորատողներն անգամ բաղնիք չունեն։ Բայց Արթուրը պնդում է, որ դրանից հետո էլ քիչ բան է փոխվել հանքում։ Անվտանգության կանոններն այստեղ երազանք են. - «Դեկտեմբերի 1-ին նույն ձևի ոտը կոտրել ա, Վանաձորից տեսչականն էկել ա, գրել ա «անփութության պատճառով»։ Ընդե անփութության ոչ մի բան չի էղել, ընդամենը 25 մետրից քարը պատալոկից ընկել ա, որը ես էդ քարաթափման բանը չեմ կարա... ես 25 մետր չեմ կարա բարձրանամ քարաթափում անեմ... դա այսինքս վտանգավոր տեղ ա»։

Ընկերության արտադրության պետն այս դեպքում էլ հորդորում է սպասել քննության ավարտին՝ չհամաձայնելով, թե խախտում են անվտանգության կանոնները. - «Չենք կարա ասենք, որ անվտանգության կանոնները չի պահպանվում։ Կա՞ ինչ-որ մի տեղ հանքարդյունաբերություն, որ էդ ձևի դեպքեր չի պատահում»։

9 հոգանոց ընտանիքն անելանելի վիճակում է։ Նախորդ տարի բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ 20 տարվա անտոկոս վարկով նոր բնակարան են ձեռքբերել։ Մտադիր էին փոքր-ինչ ընդարձակ բնակարան տեղափոխվել։ Այսօր, սակայն, տան ամբողջ հոգսը կնոջ ուսերին է՝ մտքերի մեջ են՝ կունենա՞ն դրա հնարը, թե՞ չէ։ Առայժմ նեղլիկ երկսենյականոցում են մեծանում 7 երեխաները։ 13-ամյա Սուրենը երազում է, որ մարդիկ բարի լինեն, 8-ամյա Գևորգը, թե՝ բժիշկ եմ դառնալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG