Պետությունը չի ուսումնասիրել երեք տարվա ընթացքում ընկերությունների ներկայացրած հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյո՞ք այդ տեղեկությունները կեղծ են, թե՝ իրական։ Այնինչ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը ունի այդ պարտավորությունը։ Օրենքը կառույցին հնարավորություն է տալիս կասկածների դեպքում վարչական վարույթ հարուցել ու ստուգել տվյալները:
Գործակալության պետի տեղակալ Լալա Ներսեսյանն ասում է՝ անհրաժեշտ ռեսուրսներ չունեն, համակարգը նոր է, փորձում են զարգացնել. - «Որպես այդպիսին որ կասկածի հիմքով կամ հետագայում քրեական պատասխանատվությամբ կամ տուգանքի, կավարտվեր այդպիսի վարչական ակտով, ոչ, չի եղել: Բայց նախազգուշացումներ են եղել այն իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարներին, որոնք չեն ներկայացրել հայտարարություն»:
Չնայած ստուգումների բացակայությանը, պետական ռեգիստրում շեշտում են, որ բիզնեսից սեփականատերերի, բաժնետոմսերի, կապիտալի մասին տեղեկություն վերցնելը ձևական չէ, ավելին՝ նպատակը կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարն է։ Եվ արդեն 2023-ի հունվարից մինչև մարտի վերջ նախատեսում են շարունակել գործընթացը ու հայտարարագիր վերցնել ևս 75 հազար ընկերություններից՝ ոչ առևտրային կազմակերպություններից և այն ընկերություններից, որոնց իրական սեփականատերը ֆիզիկական անձինք են։
Սա նշանակում է, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է պետությանը ներկայացնեն ոչ միայն փաստաթղթերով սեփականատերերին, այլ նաև, այսպես կոչված, իրական շահառուներին, նրանց, որոնց անունները բիզնես փաստաթղթերում կարող է և չլինեն։ Այս դեպքում առանց բավարար ռեսուրսների ինչպե՞ս է ստուգվելու դրանց իրական լինելը։
«Նորից եմ նշում, որ սրանք շարունակական գործընթացներ են և կարծում եմ՝ ռեսուրսների առկայության դեպքում հնարավորություն կունենանք հետագայում էդ ամեն ինչը օրենքով սահմանված իրավասությունները իրականացնել և ձևական բնույթ չի կրի», - ասաց Լալա Ներսեսյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս իրազեկման միջոցառումներ է սկսել՝ բացատրելով հայտարարագրման գործընթացի մանրամասները։ Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ընդունում է, որ խնդիրներ կան ներկայացված տվյալների ստուգման հարցում:
«Այսօր ընդամենը 1000 մի քիչ ավելի ընկերություններ են ժամկետում ներկայացրել հայտարարագիրը, իսկ տասնյակ հազարները դեռևս տեղյակ չեն, հապաղում են կամ խնդիրներ են ունենում տեխնիկական այդ հայտարարագրերը ներկայացնելու գործընթացում: Համբերատար, կարծում եմ, լիազոր մարմինը փորձում է հարթեր այդ խնդիրները, բայց նաև հաշվի առնելով քիչ առաջ նշածս խնդիրը՝ ռեսուրսների սակավությունը, կարծում եմ, բավականին դանդաղ է գնալու, և, ցավոք սրտի, խախտվում են նաև սահմանված ժամկետները», - նշեց Դոյդոյանը:
Անցած տարվանից հայտարարագիր են ներկայացնում նաև լրատվամիջոցները, հաջորդ տարի համակարգին կմիանան նաև հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, ասում է Դոյդոյանն ու հավելում՝ ռեսուրսների պակասի պատճառով գործընթացը դանդաղ է առաջ գնում։
«Տվյալների իսկությունը, տվյալների ստուգումը մարտահրավեր է, որին պետք է անպայման իրենց նպաստը բերեն նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մեդիաները, լրագրողները, առանց որոնց աջակցության անհնար կլինի հուսալ, որ այս գործընթացը լավագույնս կիրականացվի: Նաև քաղաքացիները կարող են նպաստ բերել, կասկածներ հայտնել, ընդ որում, հրապարակային կասկածներ հայտնել, եթե տեղյակ են, որ կան ոչ ստույգ կամ դիտավորյալ հայտարարագրված կեղծ տվյալներ», - ընդգծեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:
Թե երբ է կառավարությունը պատրաստվում ավելացնել ռեսուրսները, պարզ չէ։ Պարզ չէ նաև թե արդյոք հայտարարագրման արդյունքում հաջողվել է կոռուպցիա կամ փողերի լվացման դեպք բացահայտել։ Հայտնի է միայն, որ համակարգին միանալու սկզբում շատանում է միայն թղթաբանությունը, վազվզոցը, բայց լուրջ խնդիրներ չկան, ասում է ավելի քան 5 տասնյակ ընկերությունների հաշվապահությունը վարող Տիգրան Քեյանը։
«Ինչ-որ տենց լուրջ խնդիրների կամ բարդությունների առաջ չենք կանգնել, կա օրենքի պահանջ, որը լրացուցիչ ինչ-որ փաստաթղթերի կամ ինֆորմացիայի տրամադրում է, որը պետությունը ռեսուրս պետք է ծախսի, պարզի, այլ տրամադրում են ընկերության տնօրեններ կամ լիազորված անձինք: Այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն, պետք է նոր սկսեն, վազվզեն բան, կարող է ասեն՝ «էս ինչ է», և իրենց համար բարդ բան է, պրոցես է, բայց ինքը շատ հեշտ ու արագ լուծելի պրոցես է: Պետռեգիստրից առցանց ներկայացնելու լիազորություններ են ստանալու և առցանց լրացնեն, հանձնեն էդ դիմումը», - ասաց Քեյանը:
Կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում տուգանքից բացի, կա նաև քրեական պատասխանատվություն՝ 1 տարի ժամկետով։ Սրան զուգահեռ, կառավարությունը հաջորդ տարվանից աստիճանական կարգով նախատեսում է ներդնել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման գործընթացը։