Երեկ Ինդոնեզիայում՝ Արևմտյան Ճավայի կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 268 մարդ: 151 բնակիչ համարվում է անհետ կորած:
Ստորգետնյա ցնցումների հզորությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 5.6 ուժաստիճան: Առավել տուժել է մայրաքաղաք Ջակարտայից մոտ 75 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Կիանջուր ավանը:
Երկրաշարժի առաջացրած սողանքն ամբողջությամբ ծածկել է մի գյուղ: Ըստ տեղական իշխանությունների, ավելի քան հազար բնակիչներ վնասվածքներ են ստացել, 58 հազար մարդ ստիպված տարհանվել է, ավերվել է մոտ 22 հազար տուն:
Սողանքները և դժվար տեղանքը խոչընդոտում են փրկարարների և բժիշկների աշխատանքը:
Ինդոնեզիայի ազգային փրկարարական ծառայության ղեկավար Հենրի Ալֆիանդին ասել է, թե զոհերից շատերը երեխաներ են, ովքեր ստորգետնյա ցնցումների պահին գտնվել են դպրոոցներում:
Ինդոնեզիայում հազվադեպ չեն նույնիսկ 6 կամ 7 ուժաստիճանի երկրաշարժեր, սակայն այս մեկը ծանր ավերներ է առաջացրել, քանի որ էպիկենտրոնը համեմատաբար խորը չէր:
Պաշտոնյաները նշում են, որ մեծ թվով մարդիկ զոհվել են վատ կառուցված տների փլվելու հետևանքով:
Նախագահ Ջոկո Վիդոդոն հանրային ելույթներում հաճախ է խոսել բնակելի տներն ավելի ամուր և երկրաշարժադիմացկուն կառուցելու անհրաժեշտության մասին:
Աշխարհի տասնյակ պետություններ ցավակցական ուղերձներ են հղում Ինդոնեզիայի իշխանություններին և մարդասիրական օգնություն են առաջարկում: