Մատչելիության հղումներ

Երևանում տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետի համաշխարհային պրեմիերան


Վաչե Շարաֆյան
Վաչե Շարաֆյան

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի երիտասարդ հունգարացի դիրիժոր Անդրեաս Օտտոզամմերը։ Ծրագրում կհնչեն հատվածներ Մենդելսոնի «Փառաբանության հիմն» խորագրով 2-րդ սիմֆոնիայից, Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը և Բրամսի 1-ին սիմֆոնիան։

Ուշագրավ է, որ 33-ամյա դիրիժորը՝ Անդրեաս Օտտոզամմերը, հայտնի է նաև որպես անվանի կլարնետահար, որը հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Մեր երաժշտասերները արդեն իսկ ունկնդրել են նրա կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որն այս երեկո արդեն հանդես կգա նրա ղեկավարությամբ։

Երիտասարդ դիրիժորը չափազանց բարձր է գնահատում մեր երաժշտասեր հանրությանը և մեծ պատասխանատվությամբ կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ներկայացնելով մեծանուն կոմպոզիտորների մոնումենտալ այս ստեղծագործությունների իր մեկնաբանությունը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հանդիսատեսին դեկտեմբերի 1-ին և 2-ին կներկայացնի չափազանց ուշագրավ բալետային համաշխարհային պրեմիերա՝ մեր լավագույն կոմպոզիտորներից Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» խորագրով երկու գործողությամբ բալետը ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ի։ Բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, իսկ բալետի լիբրետոյի և բեմականցման հեղինակն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

«Երկար ճանապարհ անցնելու հետո բալետը ի վերջո բեմ է բարձրանում։ Կարծում եմ, շատ գեղեցիկ ներկայացում է սպասվում։ Բեմադրությունը և ամբողջ գաղափարը բեմադրական շատ նոր են, շատ թարմ են, Նարինե Գրիգորյանի իդեաներով, նոր մտահղացումներով, «Հին աստվածների» նորովի մեկնաբանությամբ։ Վերնագիրը՝ «Ձգողականություն», ավելի մոտ է հնչում Նարինե Գրիգորյանի ներկայացման իդեայի հետ փոխելը ճիշտ ճանապարհն է։ Բայց բալետը փաստորեն ունի երկու վերնագիր՝ և «Ձգողականություն», և' «Հին աստվածներ»։ Այն շատ հարուստ է իր գեղեցկությամբ, իր ասկետիզմով և պարային շատ ճոխ համարներով։ Ես կարծում եմ, որ հանդիսատեսը պետք է բավարարված լինի նման ներկայացումով։ Սա համաշխարհային պրեմիերա է... Ես մի տեսակ վստահություն ունեմ, որ ինքը դառնա մեր կյանքի մի մասը», - ասում է Վաչե Շարաֆյանը։

Կոմպոզիտորը հավելեց, որ օպերային թատրոնը շատ մեծ աշխատանք կատարել այս բալետաին ներկայացումը նախապատրաստելիս՝ ի դեմս Կարեն Դուրգարյանի և բալետային այս ներկայացումը մյուս իրագործողների. - «Կարեն Դուրգարյանի շատ մեծ աշխատանքը, որ ինքը տանում էր նվագախմբի հետ, Արա Ասատուրյանի խորեոգրաֆիան, որը շատ հետաքրքիր է, շատ նորովի... շատ հետաքրքիր բան է սպասվում, շատ»։

Անդրադառնալով Նարինե Գրիգորյանի հետ համագործակցությանը՝ Վաչե Շարաֆյանն ասաց. - «Առաջին անգամ է։ Մտահղացումը Կարենինն էր Դուրգարյան, որ ասեց արի էսպիսի բան փորձենք անել և հրավիրենք թատերական ռեժիսոր և ունենանք մեր խորեոգրաֆին»։

Վաչե Շարաֆյանը երեք բալետի հեղինակ է, որոնցից երկուսը բեմադրվել են արտերկրում։ Դրանցից առաջինը՝ նվիրված Գյուրջիևին՝ «Երկրորդ լուսինը» խորագրով, ներկայացվել է Իտալիայում։ Հետո գրել է «Հին աստվածները», որը շուտով կներկայացվի մեր մայրաքաղաքում։

«Նախաձեռնողը մի ամերիկահայ կին էր, որին ես չէի ճանաչում, բայց մի օր նամակ ստացա, և նա ինձ առաջարկեց գրել այս բալետը։ Իր անունը Կայծակ Հուշերյան է, ով պիտի ներկա լինի այս ներկայացման ժամանակ։ Իսկ այստեղ եղավ Համազգայինի միության աջակցությունը, որպեսզի այս բալետը կարողանանք ներկայացնել, դրամահավաք արեց դրա համար», - պատմեց Շարաֆյանը։

Իսկ 3-րդ բալետը՝ «Անապատի հարսը» խորագրով, ըստ Սոնա Վանի ինքնակենսագրականի, ներկայացվել է այս տարվա ապրիլի 23-ին՝ Կանադայում՝ Օնտարիոյի նվագախմբի կատարմամբ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Վաչե Շարաֆյանը հույս ունի, որ մի գեղեցիկ օր իր երկու բալետները ևս կներկայացվեն Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG