Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին:

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։

Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը, ասելով, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան կարողություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար, և հավելել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա։

Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG