Մատչելիության հղումներ

Երևանում հանդես կգա Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը


Երեք օր` նոյեմբերի17-ին, 18-ին և 19-ին, մեր երաժշտասեր հանրությանը բացառիկ հնարավորություն է ընձեռնված վայելելու մեր ժամանակների լավագույն երաժիշտների կատարումները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնության շնորհիվ։

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում նվագախմբի հետ լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հանդես եկավ մեկ այլ լեգենդար երաժիշտ՝ դաշնակահար, միջազգային ամենաբարձր մրցանակների, այդ թվում «Գրեմմիի» մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը։ Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու Դաշնամուրի առաջին կոնցերտը և 5-րդ սիմֆոնիան։

Ուշագրավ է, որ այս համերգը հոբելյանական էր։ Այն նվիրված էր համերգը ղեկավարող ականավոր դիրիժոր, աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած Վլադիմիր Ֆեդոսեևի ծննդյան 90-ամյա հոբելյանին, որը նշվեց Երևանում։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, 2022 թվականին իրենց հաջողվել է Հայաստանում հյուրընկալել համաշխարհային հռչակի տեր լավագույն երաժիշտների. - «Համերգները շատ հետաքրքիր են, եկել է Ֆեդոսեևը, եկել է Պլետնյովը, Չայկովսկու մեծ նվագախումբը կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Դրանից առաջ մենք պետք է նաև հիշենք, որ եկել էր Ջոշուա Բելը, եկել էին էլի մեծ դիրիժորներ։ Իսկապես շատ մեծ անուններ են գալիս Հայաստան, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատիվ ունի իրենց հյուրընկալել, իրենց հետ աշխատել։ Լավագույն կատարումներ, լավագույն ստեղծագործություններ, որոնք կան դասական ռեպերտուարի մեջ»։

Այո, այս օրերին Հայաստանում է նաև Չայկովսկու անվան ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է գրեթե 50 տարի այսօր արդեն 90-ամյա ծերունազարդ Վլադիմիր Ֆեդոսևը։ Նրա ղեկավարությամբ նոյեմբերի 18-ի և19-ի համերգները մեր երաժշտասերների համար այս տարվա երաժշտական լավագույն իրադարձություններից են։

Արման Պադարյանի խոսքով, իրենք շարունակելու են այս գործունեությունը նաև հաջորդ տարիներին և մեր երաժշտասերները հնարավորություն կունենան կրկին ունկնդրել լավագույն երաժիշտ կատարողների. - «Մենք հույս ունենք, որ դա կշարունակվի, որովհետև կան շատ մեծ պլաններ՝ կապված և' մեր հարյուրամյակի հետ, որը կլինի 2025 թվականին, և' ավելի մոտիկ թիվ, որը ես ուզում եմ հիշեցնել բոլորիս՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը։

Եվ իհարկե, մինչև այս տարեվերջ ևս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ունկնդրին դեռ հրաշալի համերգներ է մատուցելու. - «Ամենահետաքրքիր գալիք համերգներից իհարկե պետք է նշել դեկտեմբերի 10-ին պիտի տեղի ունենա «Տոսկա» օպերայի համերգային կատարում, և կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսին է Խիբլա Գերձմավան, որը կարճ ժամանակ առաջ ներկայացրեց իր գալա-համերգը, և դա ցնցող ընդունելություն ստացավ մեր հասարակության կողմից։ Իսկապես ինքը թագավորական կատարում ներկայացրեց։ Խիբլա Գերձմավայի հետ հանդես կգա երևի լավագույն հերոիկ տենորը աշխարհում։ Դա Արսեն Սողոմոնյանն է, որը հիմա համարվում է ընդհանրապես համար մեկ Օթելլոն աշխարհում։ Եվ կգա նաև շատ հայտնի երգիչ Վլադիսլավ Սուլիմսկին։ Այն ամենին մենք անհամբեր սպասում ենք։ Մինչև տարվա վերջ կլինեն նաև պոպ երաժշտության հետ կապված համերգները, Ֆրենկ Սինատրային երգերը պիտի կատարենք։ Ամսվա վերջում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, և էնտեղ երկու համերգով հանդես կգանք արդեն մենք։ Նաև պլանավորում ենք հանդես գալ և' Եվրոպայում, և' Միացյալ Նահանգներում, և' Ռուսաստանում»։

«Ընդհանրապես Հայաստանը պետք է շատ կարևորի մշակույթը՝ որպես ռեկլամային պլատֆորմ մեր ազգի համար, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման Եվրոպայի հետ, չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, գնտվում ենք մի մթնոլորտում, որը բավականին դժվար է քրիստոնյա փոքր ազգի համար։ Եվ ուշադրությունը, որ մենք կարող ենք գրավել, ու աջակցությունը, որ մենք կարող ենք ստանալ այս մեծ երկրներից, մեծ դաշինքներից... մշակույթը կարևորագույններից է։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անկասկած լավագույն մշակութային օջախներից է, որ կարող է պատշաճ, միջազգային մակարդակի վրա ներկայացնել հայ ազգի կարողությունները», - եզրափակեց Արման Պադարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG