Ադրբեջանը պատրաստվում է դեսպանատուն բացել Իսրայելում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Միլի մեջլիսի օրակարգում և քննարկվելու է օրվա երկրորդ կեսին:
«Իսրայելում դեսպանատուն բացելու առաջարկը ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը», - այսօր հայտարարել է պատգամավոր Սամեդ Սեիդովը։ Նրա խոսքով՝ դեսպանատան բացմամբ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները դուրս կգան նոր մակարդակի։
«Մենք մշտապես տեսել ենք Իսրայելի աջակցությունը միջազգային կազմակերպություններում։ Այդ բարեկամ պետությունը մեզ աջակցել է նաև 44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում՝պաշտպանելով մեր արդար գործը։ Իսրայելի հետ հարաբերությունները հարկավոր է ընդլայնել», - հայտարարել է Սեիդովը։
Միլի մեջլիսում շրջանառության մեջ դրված այս նախագծի համաձայն՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը պետք է գործի Թել-Ավիվ քաղաքում։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել նաև Պաղեստինի ինքնավարության տարածքում։