Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ, իտալական ծագում ունեցող շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն է:
Նախագահի թեկնածուների գրանցումն ավարտվել է նոյեմբերի 17-ին: Ընտրությունները պետք է անցկացվեն 2023 թվականի մարտի16-ին ՖԻՖԱ-ի համագումարում, որը տեղի կունենա Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում:
Ինֆանտինոն 2016 թվականի փետրվարից է զբաղեցնում այդ պաշտոնը: 2019-ին Փարիզում տեղի ունեցած համագումարում նա վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ: Այդ ընտրություններում էլ նա միակ թեկնածուն էր:
Ինֆանտինոն 52 տարեկան է: 2000-2016 թվականներին նա զբաղեցրել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: