Սպիտակ տունը համաձայն է Լեհաստանի նախագահի գնահատականին, ով ասել է, որ պայթյունը երկրի արևելքում, ըստ երևույթին, եղել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի ընկնելու հետևանք, սակայն դա չի վերացնում Ռուսաստանի պատասխանատվությունը, որը հրթիռներ է արձակել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքների վրա։ Այս մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։
Ուոթսոնի խոսքով՝ Միացյալ Նահանգները լիովին վստահում է Լեհաստանի կառավարության կողմից իրականացվող հետաքննությանը և շնորհակալություն է հայտնում Վարշավային՝ դրա վարմանը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։
Ըստ խոսնակի՝ ինչպիսին էլ լինեն վերջնական եզրակացությունները, «պարզ է, որ այս ողբերգական միջադեպի վերջնական պատասխանատու կողմը Ռուսաստանն է, որը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացնում Ուկրաինայի վրա՝ հատուկ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելով»: «Ուկրաինան ունեցել է և ունի ինքնապաշտպանության իրավունք», - հայտարարել է Էդրիեն Ուոթսոնը։
Երեքշաբթի երեկոյան Լեհաստանում մարտական հրթիռի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել։