Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հետևորդ չեմ հոգևորականների, որ զբաղված են քաղաքականությամբ. Հրաչյա Հակոբյան


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համոզմամբ՝ վարչապետի վերջին շրջանի համեմատաբար կոշտ հռետորաբանությունը ուղղված Ադրբեջանին պայմանավորված է Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ: Այս մասին նա նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Երբ լինում է մեղմ հռետորաբանություն, մեզ մեղադրում են, որ չկա այդ կոշտությունը, երբ որոշակի կոշտություն կա հռետորաբանության մեջ, ասում են՝ ինչո՞ւ է կոշտ արձագանքում», - ասաց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վարչապետ Փաշինյանի վերջին շրջանի համեմատաբար կոշտ հռետորաբանությունը ուղղված Ադրբեջանի իշխանություններին, արդյոք Արևմուտքն ուղիղ ազդանշաններ է ուղղում, թե աջակցում է Հայաստանին:

«Իմ խորին համոզմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ Արցախի հետ կապված խնդիրների վերաբերյալ, երբ տեղի ունեցավ օրինակ՝ 44-օրյա պատերազմը, մենք այդ հակամարտության մեջ, կարելի է համեմատական տանել այսպես, աշխարհի աչքերում Ռուսաստանն էինք, Ադրբեջանն այդ ժամանակ Ուկրաինան էր, և միջազգային հանրության աջակցությունն այդպես էր մեզ տրվում, իրենց աչքերում համենայն դեպս մենք ագրեսոր երկիր էինք, որը գրավել է այլ երկրի տարածքներ, հիմա այս իրավիճակում դերերի փոփոխություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանին մեղադրում են ագրեսիայի մեջ, որովհետև ոտնձգություն է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի վրա, այստեղից արդեն, բնականաբար, երբ քո սուվերեն տարածքի վրա ոտնձգություն է իրականացվում, վարչապետն արդեն, այո, պետք է հայտարարություններ անի, որը և արվում է, այնպես որ…ինչու չէ նաև այո պայմանավորված Արևմուտքի աջակցությամբ և նմանատիպ հարցերով՝ աշխարհաքաղաքական»:

«Այդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են»

Հրաչյա Հակոբյանը չմեկնաբանեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները, թե Սյունիքում և Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։

Նա ասաց, որ ջերմուկցիները նաև հետևում են կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և տեսնում են, որ վարչապետ Փաշինյանն իր այլ գործընկերների հետ հանդիպումներում ինչ հայտարարությունն է անում այդ թեմայով:

«Այդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են», - նշեց նա:

«Մեզ հավատալը կոնկրետ ցուցիչներ ունի՝ ընտրությունների միջոցով մեզ տրված քվեն է»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ քանի՞ հոգի է հիմա հավատում իշխող կուսակցությանը՝ նշելով, որ ինքն էլ հավատացել է, սակայն այլևս չունի այդ հավատը:

«Մեզ հավատալը մեզ համար կոնկրետ ցուցիչներ ունի, դա ընտրությունների միջոցով մեզ տրված քվեն է, եթե կոնկրետ պատասխանեմ այդ հարցին, ապա մոտ 630 հազար մարդ դեռ շարունակում է մեզ հավատալ, որի արդյունքում մենք այսօր մեծամասնություն ենք խորհրդարանում», - հավելեց պատգամավորը:

Մեկ այլ հարցին, թե քանի դիվանագետ կա իշխող ուժի շարքերում, Հակոբյանն արձագանքեց, թե վարչապետի առաջին արած հայտարարություններից եղել է այն, որ կադրային ջարդ չի իրականացնելու. «Հենց այս պահին կարծում եմ, օրինակ՝ ԱԳՆ-ում տեղի չի ունեցել կադրային ջարդ, և մեծ մասն այնտեղ աշխատողների դիվանագետներ են»:

Ազգային ժողովի պարիսպներն ամրացնում են անվտանգությունից ելնելով

Քանի ամիս տևեց Ազգային ժողովի այգին հանրայացնելը, ինչո՞ւ այլևս հեծանիվով ու մետրոյով չեք երթևեկում, հետաքրքրվել էին օգտատերերը Հրաչյա Հակոբյանից:

Հիշեցնենք, խորհրդարանի պարիսպները վերջերս սկսել են ավելի ամրանալ և վեր խոյանալ, այնինչ ընտրություններից հետո այգու դռները բացվել էին:

ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ 2020-ի աղետալի պատերազմից հետո տեսան, թե ինչ ձեռագիր ուներ այն ժամանակվա ընդդիմությունը. «Հենց նույն այդ այգու դիմաց սպանության, գնդակահարության ներկայացումներ էին ցուցադրում, ինչու չէ նաև Արարատ Միրզոյանի մահափորձը, ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդպիսի որոշում է կայացվել, բայց այն, որ մենք ունեինք կամք, և եթե կարելի է ասել՝ հիմա էլ մեզ մնար, կուզենայինք այդ այգին տալ հանրությանը, հնարավորություն տալ այնտեղ զբոսնելու»:

Նա հավելեց, որ խորհրդարանի պարիսպները բարեկարգվել են, իսկ փշալարեր ինքը չի գտել, չնայած լրատվամիջոցների տեսանյութերում դրանք երևում են:

Ինչ վերաբերում է ազատ երթևեկելուն, պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց՝ չենք երթևեկում, եթե նկատի ունեն վարչապետի հեծանիվով աշխատանքի գնալը, բոլորովին վերջերս տեսանք, որ օրինակ՝ վարչապետն իր կնոջ հետ Ազատության հրապարակից զբոսնելով…»:

«Ես հետևորդ չեմ որոշ հոգևորականների, ովքեր զբաղված են քաղաքականությամբ»

«Ես ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ», - ասաց նա՝ անդրադառնալով հարցերից մեկին, թե իրենց թիմում արդյոք աթեիստներ կան, և թե ինչու վարչապետը չի մասնակցում հոգևոր արարողություններին:

«Մեր թիմում շատ են եկեղեցու հետևորդները: Վարչապետ Փաշինյանը չի մասնակցում եկեղեցական այս կամ այն, Վեհափառ Հայրապետի ծննդյան չի մասնակցում կամ չի շնորհավորում…. չեմ ցանկանա խոսել այն մասին, թե ինչ արեց եկեղեցին, նախ ես ցանկանում եմ մի այպիսի գիծ տանել, ինձ համար համենայն դեպս այդպես է, ինձ համար եկեղեցին և հոգևորական մարդիկ նույնական չեն, ես եկեղեցուն այլ կերպ կարող եմ վերաբերվել և անհատ հոգևորականներին այլ վերաբերմունք ունենամ, և դա չի նսեմացնում իմ հավատքն առ եկեղեցի, եթե ես ինչ-որ հոգևորականի արածների մեջ տեսնում եմ ամբողջությամբ աշխարհիկ քայլեր և կապ չունեցող հոգևորականի հետ:

Ես հետևորդ չեմ որոշ հոգևորականների, ովքեր զբաղված են քաղաքականությամբ, ովքեր օրինակ՝ մարտի 1-ին, երբ Երևան կենտրոնում 10 քաղաքացի գնդակահարվեց, ծպտուն չհանեցին, համերաշխության կոչեր չարեցին, այսօր երբ որ, օրինակ, ընդդիմադիրները կանգնում են հարթակին և բռնության կոչեր են հնչեցնում՝ գնանք, պատուհանից դուրս շպրտենք, այդ հոգևորականները կգնան, կկանգնեն այդ ուժի կողքին: Դա ինձ համար, մեղմ ասած, անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG