Մատչելիության հղումներ

Անկարան Քրդական կուսակցությանն է մեղադրում Ստամբուլի ահաբեկչության համար. նրանք հերքում են


6 զոհ, 81 վիրավոր, 46 ձերբակալված․

6 զոհ, 81 վիրավոր, 46 ձերբակալված․ նախնական վարկածը՝ ահաբեկչություն․ սրանք են Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակում, երեկ տեղի ունեցած պայթյունի՝ այս պահին հայտնի տվյալները։

Ահաբեկչության վարկածը նախ շրջանառեց նախագահ Էրդողանը, հետո՝ փոխննախագահ Ֆուաթ Աքթայը՝ հղում անելով հետաքննության տվյալներին. «Քննության վերջին տվյալներով՝ կարծում ենք, որ սա ահաբակչական գործողություն էր, որն իրականացվել է ռումբի տեղադրմամբ։ Ըստ մեր տվյալների՝ այն տեղադրվել է կնոջ կողմից»։

Ավելի ուշ ներքին գործերի նախարարը հստակ տվյալներ ներկայացրեց, թե քննության հետքերը տանում են դեպի Քրդական աշխատավորական կուսակցություն, որը 1984-ից զինված պայքար է մղում քրդական պետություն ստեղծելու համար։

«Հրահանգը տրվել է Քոբանիում»,- ասաց նախարար Սուլեյման Սոյլուն, հավելելով՝ կասկածյալը Ստամբուլ է հասել Աֆրինով։

Սիրիական երկու այդ քաղաքներն ընկած են Թուրքիայի հետ սահմանին, և վերջին տարիներին թուրքական բանակն այստեղ ռազմական գործողություններ էր իրականացնում քրդական խմբավորումների դեմ։ «Ով էլ լինի այս միջադեպի հետևում՝ կկանգնի դատարանի առաջ։ Կապ չունի՝ մեր տարածքում են, թե սահմաններից դուրս, եթե անգամ աշխարհի մյուս ծայրը գնան, մենք կբռնենք, կբերենք Թուրքիա ու կստիպենք պատասխան տալ այս ամենի համար»,- զգուշացրեց ներքին գործերի նախարարը։

Քրդական աշխատավորական կուսակցությունը, մինչդեռ, հերքում է Անկարայի մեղադրանքները։

«Մենք խաղաղ բնակչությանը չենք թիրախավորում»,- ասված է այսօր պաշտոնապես տարածված հայտարարության մեջ։

Որևէ ուժ առայժմ կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել: Ստամբուլում վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017 -ի հունվարի մեկին, երբ կալաշնիկովով զինված մի տղամարդ ներխուժել էր Բոսֆորի ափին գտնվող գիշերային ակումբներից մեկն ու անկանոն կրակ բացել։ Զոհվել էր շուրջ 4 տասնյակ մարդ, պատասխանատվությունը ստանձնել էր իսլամական պետությունը։

«Հինգ տարվա դադարից հետո նույն սարսափը»

«Հինգ տարվա դադարից հետո նույն սարսափը, նույն վախը», - ասում է Ջան Դալիյեն՝ երեկվա հարձակման թիրախում հայտնված Իստիկլալ պողոտայի բազմաթիվ խանութպաններից մեկը։

«Երեք, թե հինգ տարի առաջ նույն բանն էր, եթե ահաբեկչություն չէ, ի՞նչ է, բոլորս էլ երկրով մեկ գիտենք ու զգում ենք դա, շատ վատ վիճակ է։ Զարմացած չենք, բայց զայրացած ենք», - ասում է հարևան խանութպանը՝ հավելելով. «Ապրում ենք վախի մեջ․ ընտրությունների շրջանում նման դեպքերը կարող են կրկնվել»։

Ահաբեկչական հարձակումների ու պայթյունների նախորդ ալիքը տեղի էր ունեցել 2015-ի համապետական ընտրություններից ամիսներ առաջ, երբ խախտվել էր Անկարայի ու քրդական աշխատավորական կուսակցության մեջ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ Անկախ վերլուծաբանները չեն բացառում, որ իշխող կուսակցությունը կարող է օգտագործել քրդական հարցը՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք լարված ընտրություններում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

Անկարան ցավակցական խոսքեր է ստանում

Մինչ այդ Անկարան ցավակցական խոսքեր ու հեռագրեր է ստանում աշխարհի տաբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

«Կիսում ենք ձեր ցավը․ մենք ձեզ հետ ենք ահաբեկչության դեմ պայքարում»,- թուրքերենով Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Մեր բարեկամ թուրք ժողովրդի ցավը նաև մեր ցավն է»,- կրկին թուրքերենով նշել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք մեր դաշնակցի կողքին ենք», - հավելել է Սպիտակ տունը։

Թուրքիայի ներքին գորխծերի նախարարը, սակայն, որ հայտնի է հակաամերիկյան դիրքորոշմամբ, պնդել է՝ Ամերիկայի ցավակցությունները չեն ընդունում։

«Մենք մերժել ենք ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, չենք ընդունել։ Վիճահարույց է մեր դաշնակցությունը մի պետության հետ, որը իր սեփական Սենատի միջոցով գումար է փոխանցում այդ խմբավորումներին, սնում Թուրքիայի խաղաղությունը սասանելու համար աշխատող Քոբանիի ահաբեչկական գոտիները։ Սա հստակ է և ակնհայտ», - ասել է նա:

Խոսելով ամերիկյան կողմի ցավակցությունների մասին՝ Սոյլուն հիշեցրել է հայտնի արտահայտությունը, թե մարդասպանն առաջինն է գալիս հանցանքի վայր։ Վաշինգտոնը, ի տարբերություն Անկարայի, ահաբեկչական խմբավորում չի համարում Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբերին։ Ավելին, սիրիական պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները համագործակցում էր քրդերի հետ Իսլամական պետության դեմ պայքարում։

XS
SM
MD
LG