Երևանի էրեբունի համայնքում գտնվող «Վարդավառ» զբոսայգում շինարարություն է։ Լճի հարակից վազքուղու մյուս կողմում, էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակայնի եղբոր առանձնատնից ոչ հեռու պատ է կառուցվում։ Ըստ քաղաքապետարանի՝ հենապատ է։
Այս շինարարության մասին «Ազատությանն» ահազանգել էր տարածքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ Շինաշխատանքները նկատել են նաև այգում մարզվողները։
«Նույն Հրազդանի կիրճի պատմությունն ա։ Էս վերջին քաղաքապետը որ էկավ, ասեց ոչինչ չենք կառուցում, դրանից հետո երկու-երեք հատ մեծ օբյեկտ կառուցեցին ու միևնույն ժամամակ հայտարարում են, որ հըլը էն հին կառուցածները բոլորը անօրինական են», - ասաց մարզվողներից Սամվել Մարգարյանը;
Նա այստեղ վազում է շաբաթական մի քանի անգամ։ Սա մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի այն եզակի այգիներից է, որտեղ մարդիկ կարող են վազել հարթ տարածքում. - «Չկա էդ ընկալումը, որ բոլորինս ա... Եթե ինչ-որ մեկի տանը մտնեին կառուցեին, հաստատ պատմություն կսարքեին, բայց էդ ընդհանուրի գիտակցությունը չկա»։
Մինչ մարզվողներին հուզում է, որ առաջին հերթին վազքուղին չվնասվի, թաղամասի բնակիչները կասկածներ ունեն, որ առաձնատան հարակից այգին պարսպապատվում է, որ օգտագործվի մասնավոր նպատակներով։ Զբոսայգին պատկանում է քաղաքապետարանին, սակայն 2009 թվականից 99 տարով տրված է վարձակալության։ Սա դեռ բավարար չէ, այգու տարածքում բազմաթիվ օտարված հողակտորներ կան։
Այսպես ըստ «Հետքի» 2019 թվականիn կատարած հետաքննության զբոսայգու տարածքում օտարված հողակտորների վրա կա 4 շինություն՝ մոտ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Կառուցներից մեկի սեփականատերը նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի եղբայրն է, մյուս շենքերը պատկանում են Սեդրակյանի որդուն։
Սա գաղտնիք էլ չէ. նախկին թաղապետի եղբայրը՝ Վարդան Սեդրակյանը այգում իր կառուցած տան վրա քարակերտ արձանագրություն է թողել, որի մի կողմում նշված է, որ լիճը կառուցել է Արգիշտի արքան, իսկ մյուս կողմում փորագրված է, որ տունը կառուցել է Վարդան Սեդրակյանը։
Զբոսայգու օտարված հատվածները քրեական գործի առիթ են դարձել միայն 2019-ին։ Դատախազությունը պարզել էր, որ 780 հազար դրամով Վարդան Սեդրկայնը ձեռք էր բերել 84 քառակուսի մետրանոց գարեջրի սրահը՝ իր մոտ 2250 քառակուսի մետր սպասարկման հողամասով, 1,5 միլիոն դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել 75 քառակուսի մետր տարածքով շինության և ևս 5600 քառակուսի մետր սպասարկող հողատարածք։ Սրանից բացի, ևս մի մեծ շինություն և այն սպասարկող 2300 քառակուսի մետր հողամաս նախկին պատգամավոր Սեդրակյանը ստացել էր որպես նվիրատվություն։
Այս գործը դատարանում է, որտեղ հիմա հետազոտվում են ապացույցները, մեղադրյալի աթոռին Սեդրակյանից բացի ևս 5 հոգի են, որպես օժանդակողներ։
Ինչպե՞ս կարող են բնակիչներն այսքանից հետո վստահ լինել, որ մասնատված ու վարձակալության տրված զբոսայգում հերթական շենքը վեր չի խոյանալու, երբ այնտեղ արդեն կան նոր կառույցի հիմքեր։ Երևանի քաղաքապետարանից ասում են, թե վարձակալողի հետ կա պայմավորվածություն, որ տեղում կկառուցեն հենապատ, ինչի համար հատուկ թույլտվություն պետք չէ։
Այգին վարձակալած «Բիդեք» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկտրչյանն իր հերթին պնդեց, որ մեր նկարահանած կառույցի հիմքերը նոր չեն, պարսպապատվող հատվածում նոր շենք չեն կառուցում, այլ եղած հիմքն էլ ապամոնտաժում են, սակայն տարածքում հաճախ եղած մարդիկ այլ բան են պատմում։
«Բիդեքի» բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։
«Լճի կողմի պատը հենց էդ հենապատն ա։ Շատ փոքր, ինքը մետրի էլ չի հասնում՝ հիսուն սանտիմանոց հենապատ ա, ինքը նախատեսված ա էդ հողային շերտը ավելի հավասարեցնելու համար։ Որևէ նոր բան չի արել, ուղղակի տենց ամրացման աշխատանքներ են կատարում։ Էն հետևի պատերը առկա են եղել ի սկզբանե, որևէ այլ շինարարություն... հակառակը, էդտեղ մի հատ փոքրիկ կառույց կար, որը ապամոնտաժվում ա ու ավելի կարգի ա բերվում», - ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ բարեկարգվող այդ հատվածում նաև հանրային ֆուտբոլի դաշտ են կառուցելու։ Իրենք այգում ներդում են անում հանուն տարածքի բնակիչների. - «Ցանկացած լավ աշխատանքի մեջ կարող են ինչ-որ միտում կամ ենթատեքստ տեսնել։ Մենք էլ որևէ կոմպլեքսներ կամ շահագրգռվածություն չունենք, հենց էս պահին կարանք պարզապես ոչինչ չանենք»։
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին շատ պատմություններ են ծանոթ, երբ որևէ շինություն նախ անօրինական կառուցվել են, ապա տարիներ անց փորձել են օրինականացվել է՝ վստահ, որ կառույցը չի ապամոնտաժի. - «Եթե իրենց բնակարաններում մեկը փորձի իրենց շեմին մի բան դնի, կգան կհանեն։ Նույն ձևի պիտի քաղաքային իշխանությունը վերաբերվի հանրային սեփականությանը։ Չէ՞ որ հենց դրա համար են։ Հենց դրա համար է նաև ավագանուն տրված մանդատը, որ պաշտպանես հանրությանը պատկանող սեփականությունը։ Նախևառաջ քաղաքային իշխանությունը պետք է պարզի՝ շինթույլտվության իրավունք կա՞, թե՞ չկա։ Եթե չկա, և սկսվել են աշխատանքներ, պետք է գնա և վարչարարությամբ զբաղվի»։
Որևէ կառույցի շինարարության համար «Վարդավառ» զբոսայգում տրված շինթույլտվություն չկա, վստահեցրին քաղաքապետարանից։ Նույնն ասացին նաև «Բիդեք» ՍՊԸ-ից, որն այգու շուրջ 17 հեկտար տարածքի վարձակալն է, ըստ պայմանագրի՝ մինչև 2108 թվականը: