Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հազարավոր այլ երիտասարդների հետ իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհեցին նաև տասնյակ ու տասնյակ արվեստագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ և այլք։ Վերջին երկու տարիների ընթացքում մի շարք հետմահու ցուցահանդեսներ բացվեցին, որտեղ ներկայացված ստեղծագործությունները խոսուն փաստեր էին նրանց տաղանդի և ձեռքբերումների։
«Լիվր» արվեստաբանական կազմակերպությունը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է ուշագրավ, գեղեցիկ պատկերագիրք, որի խորագիրն է «Նկարիչ ստեղծագործողներ՝ նահատակված 2020 թվականի Արցախյան պատերազմում»։ Պատկերագիրքը կազմել և առանձին հոդվածներով ու լուսանկարներով 18 երիտասարդ արվեստագետի է ներկայացրել արվեստաբան Արա Հայթայանը։ Պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում։
«Պատերազմի անմիջապես հետո՝ 2021 թվի փետրվարին, ցուցահանդես արեցի Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում «Մինչև» խորագրով, ներկայացրի պատերազմի ժամանակ զոհված և պատերազմի մասնակից արվեստագետների վերջին աշխատանքները: Այդ ցուցահանդեսից հետո «Փյունիկ» հիմնադրամի նախագահի մոտ՝ պարոն Գաբրիելի մոտ առաջացավ գաղափար մասնակիցների մասին գիրք գրելու և նրանց այդպես բոլորին մի հավաքածուում զետեղելու: Քննարկեցինք, և ես համակարգեցի այդ ամբողջ պրոցեսը, այսինքն՝ այդ բոլոր ընտանիքներին այցերը կազմակերպեցինք, գրվեցին իրենց մասին արվեստաբանական հոդվածներ, իրենց անհատականությունը բացահայտող տեքստեր, նաև փորձեցինք ներկայացնել, թե ինչ պոտենցիալ ունեին ստեղծագործելու, զարգանալու, եթե նրանց կյանքը չընդհատվեր:
Տեքստերի հեղինակը և գրքի կազմողը Արա Հայթայանն է, ում հետ մենք շատ հետաքրքիր ոև բավականին դժվար ճանապարհ անցանք գրքի ստեղծման ժամանակ, և մեր մյուս գործընկերները՝ լուսանկարիչը Տաթևիկ Մնացականյանը, դիզայները Արա Բրուտյանը, թարգմանիչները, բոլորով միահամուռ մեծ աշխատանք կատարվեց, կարծում եմ, որովհետև անմիջապես պատերազմից հետո էր, և հոգեբանորեն, և տեխնիկապես այս գործընթացը շատ դժվար էր կազմակերպվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց այս նախագծի հեղինակ և կազմակերպիչ, «Լիվր» արվեստաբանական կազմակերպության տնօրեն Լուսինե Քարամյանը:
Նոր լույս տեսած պատկերագիրքը, որի շնորհիվ կարելի է ծանոթանալ անմահության ուղին բռնած արվեստագետների թե մարդկային, թե ստեղծագործական էությանը, Լուսինե Քարամյանի խոսքով, չի վաճառվելու, այլ տրամադրվելու է նրանց ընտանիքներին, նաև արվեստաբանական և մշակութային կազմակերպություններին։
Լուսինե Քարամյանի համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ինչ-որ կերպ սատար կանգնել զոհվածների ընտանիքներին, անել հնարավորը՝ վառ պահելու իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսների հիշատակը՝ նաև հենց իրենց ստեղծագործությունների շնորհիվ։
«Երբ նայում ենք ու շփվում ենք այս որդեկորույս ընտանիքների հետ, տեսնում ենք իրենց ուժը, իրենց նվիրվածությունը հայրենիքին, մենք պարզապես իրավունք չունենք թուլանալու կամ հեշտ ճանապարհներ փնտրելու, որը մեկ է՝ չենք էլ գտնելու, չի լինելու դա:
Մեր նպատակը ցույց տալն էր տղաների պոտենցիալը, և թե իրականում ինչ անհատականություններ ենք կորցրել և ինչ կարող էինք ունենալ, բայց նաև այս ընտանիքներին աջակցելն էր և նրանց անդրադառնալն էր, և նրանց համար, իհարկե, սա լույս է, իրենց երեխաներին ցանկացած անդրադարձ և աշխատանքներին անդրադարձ, մանավանդ մասնագիտական անդրադարձ շատ կարևոր է իրենց համար, իրենց ապրեցնող և մի փոքրիկ ճրագ վառող երևույթ է: Բարդ ժամանակաշրջանում ենք ապրում, պետք է փորձենք այս հիշողությունները հաշվի առնելով մաքսիմալ մեր ուժերը ներդնենք բոլոր ոլորտներում, որպեսզի խելքի գանք», - շեշտեց Լուսինե Քարամյանը: