Meta Platforms ընկերությունը, որի մաս են կազմում Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Oculus-ը, մոտ 13 տոկոսով կրճատում է աշխատակիցների թիվը:
Աշխատանքից ազատում է ավելի քան 11 հազար ծառայող: Դա այս տարի Միացյալ Նահանգներում աշխատողների ամենազանգվածային կրճատումն է և ամենազագվածային առաջին կրճատումը Facebook-ի մայր ընկերության 18-ամյա պատմության ընթացքում:
Ընկերությունը մտադիր է կրճատել ծախսերը և մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակը ներառյալ սառեցնել նոր աշխատակիցների ընդունումը:
Վերջին ժամանակաշրջանում խոշոր կրճատումների են դիմել Twitter և Microsoft ընկերությունները: Տնտեսագետները նշում են, որ ամբողջ աշխարհում գրանցված սղաճը և վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը հարված է հասցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններին:
Meta Platforms-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը վճռել է հսկայական գումարներ հատկացնել metaverse-ի՝ «վիրտուալ ընդհանուր աշխարհի» նախաձեռնության զարգացմանը:
Ենթադրվում է, որ հաջորդ տարի Meta Platforms-ի ծախսերը կհասնեն 100 միլիարդ դոլարի: Meta-ի հիմնական մրցակիցն այսօր համարվում է TikTok չինական ընկերությունը: Այս տարի Meta-ի արժեթղթերն ավելի քան երկու երրորդով արժեզրկվել են: