Արցախից տեղահանվածները բնակարանի գնման սերտիֆիկատը «սև թուղթ» են անվանում։
Այսօր քաշաթաղցի Վրեժ Հարությունյանն այդ մասին մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձանժողովի քննարկման ժամանակ ասաց։ Օրակարգում հենց քաշաթաղցիների խնդիրներն են։
«Բառիս բուն իմաստով խայտառակություն է», - ասաց Վրեժ Հարությունյանը։
Քաշաթաղցինները խայտառակություն են որակում կառավարության այն որոշումը, որով Արցախում վերաբնակեցված, ապա պատերազմից հետո տեղահանված ընտանքիներին պետական աջակցություն է տրվում հիպոթեկային վարկավորմամաբ բնակարանի գնման համար։
Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն՝ մարզերում տուն ձեռք բերելու և մինչև 12 միլիոն՝ Արցախն ընտրելու դեպքում։ Այդ «մինչևը» հանեք, բողոքում է քաշաթաղցի Մարիամ Հայրապետյանը. - «Ոչ մի բանկ ռիսկի չի գնա գյուղում գնահատել տունը 10 միլիոն արժեքով։ Ռիսկի չի գնա, անպայմանորեն գնահատում է կեսը»։
Եթե մարդիկ հաջողացնում են մի խարխուլ տուն գտնել 10 միլիոնով, բանկերն այն ցածր գնով են այն գնահատում։
Քննարկմանը նաև նաև կերտրոնական բանկի ներկայացուցիչն էր մասնակցում։ Հարցին, թե ինչու է այդպես ԿԲ նախագահի խորհրդական Արթուր Ստեփանյանը պատասխանեց. - «Բնակարանները գնահատում են էնպես, ինչպես բանկերը իրենց ռիսկերը կառավարում են»։
Տեղահանված արցախցիներից 2500 ընտանիք արդեն սերտիֆիկատ է ստացել, բայց նրանցից ոչ ոք դեռևս չի կարողացել բնակարան գնել, ո'չ Երևանում, ո'չ էլ մարզերում։
Տեղահանվածները նաև կանխավճար չունեն։ «Որտեղից պիտի անենք, եթե 40 հազար օժանդակությունը օգոստոս ամսվանը նոր են բաժանում», - բողոքեց Մարիամ Հայրապետյանը։
Տեղահանվածները վիրավորական են համարում նաև այն, որ իրենց արտոնյալ պայմանով տուն են առաջարկում սահմանամերձ գյուղերում։ «Ի՞նչ է նշանակում ծակ գրպանով քաշաթաղցին սահմանամերձ գոտում։ Սահմա՞ն եք պահում, թե՞ թնդանոթի միս եք ավելացնում», - տարակուսում է Վրեժ Հարությունյանը։
Նա առաջարկում է սահման գործուղել օլիգարխներին, որ սահմանը շեն լինի։ Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը հիշեցրեց, որ տեղահանվածներին պատրաստի տներ են առաջարկում Արցախում. - «Ովքեր պատրաստ են էսօր Արցախում բնակվելու, Արցախի կառավարությունը բնակարանով ապահովում է»։
Վրեժ Հարությունյանն արձագանքեց. - «Պարոն Սավադյան, նորից ստրուկնե՞ր է պետք Արցախին»։
Հայաստանից Արցախ գնացած ու այնտեղից տարհանված մարդիկ ասում են՝ մնացել են երկու պետությունների արանքում, իրենց տեղը չեն գտնում և այդ ամենին, վստահ են, կառավարությունն աջակցում է իր սխալ որոշումներով։ Նրանք բնակարանների ծրագրի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ունեն. - «Խնդրում ենք վերանայել այս որոշումը ծայրեծայր»։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին խնդրեցին աշխատանքային խումբ ձևավորել՝ սոցապ նախարարության հետ, իրենց էլ ներգրավել։
«Ես կխնդրեմ իրենց, կխնդրեմ խմբի ձևավորում, որպեսզի հնարավոր լինի քաշաթաղցիների բոլոր խնդիրները լուծել։ Ոչ միայն բնակարանների», - ասաց Թովմասյանը։
Սոցապից քննարկմանը ոչ ոք չէր մասնակցում, Կենտրոնական բանկի ներակայցուցիչներից բացի, այստեղ Ֆինանսների նախարարությունից բաժնի պետ կար։ Երեք անգամ նիստը վարողը նրան ձայն տվեց, բայց պատասխանը անփոփոխ էր. - «Ես էս պահին եկել եմ, որպեսզի հասկանանք խնդիրը, լսենք խնդիրը»։