Ռուսաստանը Հյուսիսային Կորեայում բանակի ձմեռային համազգեստի մեծ խմբաքանակ է պատվիրել և դրանով խախտել է Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցը, հաղորդում «Ազատ Ասիա» ռադիոկայանը, որը վկայակոչում է անանուն աղբյուրներ Հյուսիսային Կորեայում:
«Ազատ Ասիայի» հաղորդագրության համաձայն, առնվազն երեք կարի գործարաններ Փհենյանում և ևս մի քանիսը Հյուսիսային Կորեայի այլ բնակավայրերում ձմեռային համազգեստ, ներքնազգեստ և կոշիկ են արտադրում Ուկրաինայում պատերազմող ռուսաստանցի զինծառայողների համար:
Արտադրության ընթացքում այդ հյուսիսկորեական կոմբինատներն օգտագործում են Ռուսաստանից ստացված հումքը:
2017 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով արգելվում է Հյուսիսային Կորեայից ցանկացած տեսակի տեքստիլ արտադրանքի ներկրումը: Պատժամիջոցը սահմանվել է ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման:
Այդ որոշման օգտին են քվեարկել խորհրդի բոլոր 15 անդամները և նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը:
Ենթադրվել է, որ տեքստիլ արտադրանքի ներկրման արգելքի հետևանքով Հյուսիսային Կորեայի պետական բյուջեն տարեկան կկորցնի մոտ 800 միլիոն դոլար:
Ռուսական բանակի համար համազգեստի արտադրությունը Հյուսիսային Կորեայում մի քանի հազար աշխատատեղ է ապահովում, մինչդեռ, Ուկրաինա ուղարկվող ռուսաստանցի զորակոչվածների շրջանում համազգեստի պակասի խնդիր չի նկատվում: