Կառավարական առանձնատների դարպասների մոտ դիզվառելիքով ինքն իրեն այրած Ազիզ Ուսոյանի առողջական վիճակը ծանր է, նա գտնվում է Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Ավագ որդուն բուժկենտրոնից ասել են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, վիճակը ծայրահեղ ծանր է։
Ինչո՞ւ է երեկ ուշ երեկոյան 47-ամյա տղամարդը էրեբունու Ջրաշեն թաղամասից հասել իշխանական տների մոտ ու ինքնահրկիզվել։
«Շոկի մեջ ենք... ինչ ա էղել, ինչ պատճառով ա էղել։ Մենք էլ չգիտենք։ Ոչ մի բան, ոչ կռիվ ա էղել, ոչ մի բան», - ասում է Ազիզ Ուսոյանի եղբոր կինը՝ Նինա Ուսմանյանը։
Ազիզի քույրը՝ Գոհար Ուսոյանը նույնպես ոչինչ չգիտի. - «Մենք չենք լսել»։
Ազիզ Ուսոյանը երկու որդիների հետ այս տանն էր ապրում, բակը լի է աղբավայրից բերված զանազան հումքով՝ մետաղ պլաստիկ, ներքնակ-վերմակներ։ Հարևանները պատմում են, որ իր «Գազելով» այս ամենը աղբավայրից տուն էր բերում, տեսակավորում, հետո հանձնում ... լսել են՝ պետությունն այդ «Գազելն» առգրավել է, ու Ազիզը չի դիմացել։
«Էդքան գիտենք, որ իրան զրկել պռավից, էդքան բան։ Էրեկ էլ ինչ-որ ավտոն էլ ձեռից առել են... Գործի մարդ էր, ինքը չէր կարում առանց ավտոյի, առանց գործի, զրկված մնար։ Ինքը հայթայթում էր իրա ապրուստը», - ասում է Զարուհի Ուսոյանը։
Ազիզ Ուսոյանի որդին՝ Մաջիթն ասաց, որ տեղյակ են եղել 10 հազար դրամ տուգանքի մասին, պարեկները հոր «Գազելը» կանգնեցրել են ու այդ 10 հազարի պատճառով մեքենան տուգանային հրապարակ տարել։
Ողբերգական այս դեպքից հետո պարզաբանում է տարածել Հարկադիր կատարման ծառայությունը։ Ասում են, թե Ազիզ Ուսոյանը դեռևս 2013 թվականից ավելի քան 2 միլիոն դրամի պարտավորություն ունի ճանապարհային ոստիկանության, ապահովագրական ընկերության, համատիրության նկատմամբ։ Կատարողական վարույթներ են հարուցվել, ավտոմեքենայի՝ այսինքն այդ «Գազելի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ուսոյանն այս ամենի մասին, ըստ ծառայության, տեղյակ է եղել։ Հարկադիր ծառայությունը վերջում շուտափույթ ապաքինում է մաղթել քաղաքացի Ազիզին։
Որդին ասում է՝ հայրը կուտակված այս պարտքերի մասին, ինքնահրկիզման պլանի մասին իրենց ոչինչ չի ասել. - «Ո՞նց կարար ասած լիներ ու մենք անտարբեր մնայինք»։
Քննչական կոմիտեում քրեական գործ են հարուցել՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։
Ազիզ Ուսոյանի որդին այսօր կարճ տեսակցել էր հոր հետ՝ ծանր այրվածքներով հայրը միայն մի նախադասություն է ասել՝ մի բան արեք, օգնեք ինձ։