Մատչելիության հղումներ

Տանզանիայում երեկվա օդային աղետում զոհվել է առնվազն 19 մարդ


Precision Air ավիաընկերության կործանված օդանավը Վիկտորիա լճում, Տանզանիա, 6 նոյեմբերի, 2022թ.
Precision Air ավիաընկերության կործանված օդանավը Վիկտորիա լճում, Տանզանիա, 6 նոյեմբերի, 2022թ.

Տանզանիայում ուղևորատար օդանավի երեկվա աղետի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ: Աղետը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 9-ին:

Ինքնաթիռը հորդառատ անձրևի և փոթորկի պայմաններում պետք է վայրէջք կատարեր Բուկոբայի օդակայանում, սակայն ընկել է Վիկտորիա լիճը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով ATR 42 տեսակի ֆրանկո-իտալական արտադրության ինքնաթիռը չի կարողացել հասնել օդակայան:

Տանզանիայի ֆինանսական մայրաքաղաք Դար-Էս-Սալամից Բուկոբա չվերթն իրականացնող Precision Air ավիաընկերության օդանավում եղել է 39 ուղևոր և անձնակազմի 4 անդամներ:

Երկու օդաչուները վերապրել են աղետը և որոշ ժամանակ կապ են պահպանել փրկարարների հետ, սակայն թթվածնի պակասի հետևանքով մահացել են, նախքան փրկարարները կարողացել են հասնել լիճն ընկած ինքնաթիռին:

Տանզանիայի վարչապետ Կասիմ Մաջալիվան այցելել է վթարի շրջան: Նրա խոսքով, իշխանությունները փորձում են պարզել տուժածների և այս պահին անհետ կորած համարվող մարդկանց թիվը:

Նա ասել է, որ զոհվածների ամբողջական ցուցակը կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ անձի մահվան մասին պաշտոնական տեղեկությունը կփոխանցվի նրա ազգականներին և մտերիմներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG