Մատչելիության հղումներ

Ովքեր են Ռուսաստանում հրահրել Ուկրաինայի դեմ պատերազմը․ The Times-ի հոդվածը


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտիկովը Ուկրիանա ներխուժելու ամենահամոզված կողմնակիցներն էին, գործնականում համոզել են Պուտինին սկսել ռազմական գոծողությունը, գրում է բրիտանական The Times-ը՝ հատվածներ հրապարակելով լրագրող Օուեն Մեթյուզի տպագրության պատրաստվող գրքից, որը հիմնված է նաև ներխուժման նախապատրաստմանը ծանոթ Ռուսաստանի քաղաքական գործիչների վկայությունների վրա։

Հեղինակը պնդում է, որ Պատրուշևը, Բորտնիկովը և հայացքներով նրանց մոտ Ռուսաստանի ուժային գերատեսչությունների գործիչները համոզված էին, որ Ուկրաինային պետք է կանխարգելիչ հարված հասցնել, պնդելով, թե դա անհրաժեշտ է Արևմուտքի կողմից աճող ռազմավարական սպառնալիքներից Ռուսաստանին փրկելու համար։

«Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ զրույցում ասել էր, որ «Ուկրաինա գոյություն չունի», այն միայն տարածք է, որտեղով անցնում է սահմանը Ամերիկայի ու Ռուսաստանի միջև։

Ուկրաինա ներխուժումը անմիջականորեն նախապատրաստող անձանց թվում Պատրուշևից, Բորտնիկովից ու Պուտինից բացի, նշված է նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անունը, սակայն նա ոչ թե գաղափարախոսի, «այլ կատարողի դեր է ունեցել, ընդ որում երբեմն տատանվել է»։

Պուտինի շրջապատից ամենակարևոր անձը համարվում է Պատրուշևը։ Այդ նա է մեծ դեր խաղացել կորոնավիրուսի տարածման սկզբում Պուտինի ինքամեկուսացման գործում, որի հետևանքով զգալիորեն սահմափակվել էր մարդկանց թիվը, որոնց հետ Պուտինը խորհրդակցել է, գրում է The Times-ը։ Արդյունքում նրանց շարքում մեծամասնություն են կազմել Ուկրաինա ներխուժելու կողմնակիցները, որոնց կարծիքով՝ Արևմուտքի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ է Ուկրաինայի վրա վերահսկողություն սահմանել։ Նրանց թվում նշվում է նաև գործարար Յուրի Կովալչուկի անունը։

Ուկրիանա ներխուժելու սկզբունքային որոշումը, ըստ հրապարակման, ընդունվել է 2021 թվականի ամռան վերջին։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի առջև, համենայն դեպս, խնդիր է դրվել փորձել Արևմուտքից մեծ զիջումների հասնել պատերազմից խուսափելու համար։ Ըստ հեղինակի՝ Լավրովն ինքը ցանկանում էր հակամարտության խաղաղ լուծման հասնել և համոզված էր, որ Պուտինը ևս դա է ցանկանում։ Սակայն, Արտգործնախարարությունում 2021-ի դեկտեմբերին մշակված անվտանգության երաշխիքները Արևմուտքի համար անընդունելի էին։ The Times -ի կարծիքով՝ արևմտյան դիվանագետները, այդ թվում՝ բրիտանացիները, ճիշտ չէին մեկնաբանում Մոսկվայի պահանջները, նրանք գտնում էին, որ Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ վարել ու Արևմուտքին համոզել փոխզիջումների շրջանակներում ինչ-որ զիջումների գնալու անհրաժեշտության մեջ, այնինչ խոսքն իրականում վերջնագրի մասին էր։

Հրապարակման համաձայն՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը, նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամներ, պատերազմ սկսելու Պուտինի որոշման մասին չգիտեին ընդհուպ փետրվարի 21-ը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն պատերազմը սկսվելուց հետո մասնավոր զրույցում ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մասին Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասին, այդ թվում՝ Լավրովին տեղեկացվել է միայն ԱԽ նիստից հետո, որտեղ քննարկվում էր այսպես կոչված՝ Դոնեցկի հանրապետության և Լուգանսկի հանրապետության անկախությունը ճանաչելու հարցը։

Այդ նիստի մասին Պեսկովը մասնավոր զրույցում ուշագրավ մանրամասներ է հայտնել, թե նիստի մասնակիցներին ասել են, որ այն հեռարձակվում է ուղիղ եթերում։ Իրականում հեռարձակվել է նիստի ձայնագրությունը։

Հիշեցնենք՝ այդ նիստին էր շփոթվել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ու անհստակ պատասխաններ տվել Պուտինի հարցերին։

Այսպես կոչված «ռազմական հատուկ գործողություն» սկսելու Պուտինի խոսքը ձայնագրվել է փետրվարի 23-ին։ Հաջորդ օրը վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, գրում է հեղինակը:

XS
SM
MD
LG