Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում ասել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է հացահատիկը Սև ծովով աֆրիկյան աղքատ երկրներ փոխադրելու հարցը:
«Օրերս խոսել եմ պարոն Պուտինի հետ, նա առաջարկել է ռուսական հացահատիկն անվճար տրամադրել Ջիբութիին և Սուդանին: Մենք դա ընդունեցինք և որոշեցինք այդ մասին ավելի մանրամասն խոսել «Մեծ քսանի» գագաթնաժողովում», - ասել է Էրդողանը:
Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ այս տարվա հուլիսին են կնքել գործարքը, որով ռուսների կողմից արգելափակված ուկրաինական նավահանգիստների պահեստներում գտնվող մոտ 20 միլիոն տոննա պարենը Սև ծովով կարտահանվի հասցեատերերին: Գործարքի ժամկետը կսպառվի նոյեմբերի 19-ին:
Ռուսները պահանջում են այդ նույն ճանապարհով արտոնել նաև ռուսական արտադրության հացահատիկի և պարարտանյութի արտահանումը: