Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերի բնակիչները հավաստիացնում են՝ ավելի քան մեկ շաբաթ է կրակոցներ չեն լսվում


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է երեկ երեկոյան և գիշերը ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի հայտարարությունները։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել էր, թե գիշերը հայկական ստորաբաժանումները տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից մոտ հինգ ժամ գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական կողմն էլ «համարժեք պատասխան միջոցներ» է կիրառել: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հակադարձում է՝ սա Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է:

«Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Սեպտեմբերյան արյունալի մարտերից առաջ և հետո նման հաղորդագրություններ կողմերը գրեթե ամեն օր էին տարածում։ Այս մեղադրանքները Երևանն ու Բաքուն չէին փոխանակել հոկտեմբերի 25-ից ի վեր։

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն այսօր «Ազատության» հետ զրույցներում ևս հավաստիացրեցին, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ հարաբերական անդորր է։ Կրակոցներ չեն լսվում, մարդիկ փորձում են վերադառնալ բնականոն կյանքին։

Գեղարքունիքի մարզի Նորաբակի դպրոցի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ գյուղացիները շատ ուշադիր են ամեն մի ձայնին, եթե մի բան լիներ, առաջինն իրենք կլսեին։

«Սահմանի ամեն մի կրակոց լսում ենք, բայց հիմա կրակոցներ չենք լսել ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը: Եթե լինում է կրակոց, մենք էդ կրակոցները լսում ենք», - ասաց Պետրոսյանը:

Սեպտեմբերին ադրբեջանական թիրախում հայտնված Կուտականի բնակիչ Արմեն Եսայանը ևս հայտնեց, որ գյուղում հիմա հանգիստ վիճակ է, թեև վերջին մարտերից հետո ադրբեջանական ուժերը արդեն մի քանի հարյուր մետրի վրա են։

«Նույն տեղում են, կրակոցներ չկան, չեն լսվում, լավ էլ հանգիստ է, կարող է մեկ-մեկ լինի թեթև կրակոց, բայց դե էդ խուճապ չի առաջացնում: Գիշերը մենք ընտանիքով գյուղում ենք մնում, բայց ձայն չեմ լսել», - նշեց Եսայանը:

Այդուհանդերձ, երեկ Մոսկվայում ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլև մնում է բավականին բարձր, իսկ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է։ Արմեն Գրիգորյանը խոսել էր նաև խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին։

Գեղարքունիքի գյուղերի բնակիչների խոսքով՝ սեպտեմբերյան դեպքերից հետո բնակավայրերում միայն տղամարդիկ էին մնացել, հիմա արդեն, չնայած վտանգի առկայությանը, ընտանիքներն աստիճանաբար վերամիավորվում են։ Նորաբակցի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանը պատմում էր՝ երեխաներն արդեն նորմալ դպրոց են հաճախում. «Ամսի 13-ից հետո մի շաբաթ օնլայն դասեր արեցինք, դրանից հետո բոլոր աշակերտները ներկ էին դասին»:

Կուտականցի Արմեն Եսայանն էլ ասում էր՝ իրենց անհանգստությունը չի վերացել, հիմնականում անորոշության պատճառով, բայց պետք է հողը մշակեն, անասուններին արածացնեն... գյուղի կյանքը չի կանգնում:

«Դե կյանքի վերադառնալն էլ սենց է՝ մարդիկ իրենց անասուններն ունեն, բոստանային կուլտուրաները պիտի քանդեն, մարդիկ իրենց աշխատանքն անում են, բայց էլի ժողովրդի մեջ վախ կա, որ լիովին հետ դառնան գան, որովհետև անորոշ վիճակ է, չգիտենք դադարել է, սենց էլ կմնան, ոչ ոք ոչ մի բան չի ասում», - ներկայացրեց Եսայանը:

Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել էր ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք, ծերեր և երեխաներ։

XS
SM
MD
LG