Մատչելիության հղումներ

Հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են


Հոկտեմբերի 27-ին հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են, այսօր կառավարության նիստից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց՝ եթե դեպքեր լինեն, որ կրկնակի փորձաքննությունն արդյունք չտա, կդիմեն նաև օտարերկրյա գործընկերների օգնությանը, այս պահին, ըստ Ավանեսյանի, դրա կարիքը չկա։

Հարցին, թե առհասարակ սեպտեմբերյան ագրեսիայից հետո քանի՞ խոշտանգված դի կա, նախարարը պատասխանեց, որ թիվ չի կարող հրապարակել՝ նշելով՝ դեպքերի հետ կապված մանրամասն մահվան եզրակացություններ են կազմվում և փոխանցվում իրավապահներին՝ հետագա գործընթացներում դրանք օգտագործելու համար։ «Ես նման թվեր և մանրամասներ չեմ կարող հրապարակել», - ասաց Ավանեսյանը։

Իսկ, թե քանի վիրավոր զինվոր է դեռ բուժումը շարունակում բժշկական հաստատություններում, նախարարը կրկին ասաց՝ թիվ չի կարող հրապարակել։

«Վիրավոր զինվորների մի փոքր հատվածն ունի շարունակական բժշկական օգնության կարիք, դա վերաբերվում է թե՛ կրկնակի փոքր վիրահատական միջոցառումներին, թե՛ վերականգնողական բժշկական օգնությանը, որոնք նրանք ստանում են։ Թիվ չեմ կարող նշել, որովհետև տարբեր բժշկական կենտրոններում ընթացիկ իրենց օգնությունը ստանում են», - ասաց նախարարը։

Սեպտեմբերյան դեպքերից հետո վիրավորների ընդհանուր թիվ չի հրապարակվել։ Օրերս Պաշտպանության նախարարությունը միայն հայտնեց, որ հոսպիտալներում այլևս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորներ չկան։

Զոհերի հաստատված թիվ ևս չի հրապարակվել, միայն նշվել է, որ զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է, և այն չի թարմացվել հոկտեմբերի 14-ի վարչապետի հայտարարությունից հետո։ Երևանը պնդում է, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։ Ադրբեջանը մոտ 80 զոհի մասին է պաշտոնապես հաղորդել:

XS
SM
MD
LG