Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կալիֆորնիայի Tetra Tech ընկերության հետ 46,7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային ականազերծման հարցում օգնելու համար։
Պետդեպարտամենտը նշում է, որ Tetra Tech-ը ուկրաինացի սակրավորների թիմերին կպատրաստի միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ։
«Այս նախագիծը 91,5 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ծրագրի մի մասն է, որը նախատեսված է հաջորդ տարվա համար: Այս ծրագրի շրջանակում Պետդեպարտամենտը կօգնի Ուկրաինայի իշխանություններին հաղթահարել հումանիտար խնդիրը», - ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հիշեցրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ուկրաինացիներին տրամադրել են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն։ ԱՄՆ ՄԶԳ-ը վերջերս հայտարարեց հավելյալ 55 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Ուկրաինայի 19 շրջաններում ջեռուցման ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման համար: