Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի «Կենտրոն» խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինն ազատվել է պաշտոնից: Այդ մասին են հայտնել մի շարք ռուսական լրատվամիջոցներ: Պաշտոնական աղբյուրները լուրը չեն մեկնաբանել:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում Լապինը տակավին նշված է որպես «Կենտրոն» խմբավորման հրամանատար: Որոշ աղբյուրներ նշում են, որ Լապինն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել:
Գեներալ-գնդապետը վերջերս խիստ քննադատության է ենթարկվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից, ով դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ռուսական բանակի դանդաղկոտության և ցածր արդյունավետության կապակցությամբ:
«Ցավալին այն չէ, որ Լապինը միջակություն է, այլ այն, որ նրան հովանավորում են գլխավոր շտաբում, ես լինեի որոշողը՝ Լապինին կզրկեի սպայի կոչումից ու պարգևներից, ինքնաձիգը կտայի ձեռքը, կուղարկեի ճակատ, որ խայտառակությունը սեփական արյամբ մաքրի»,- ասել է Կադիրովը:
Լիմանից ռուսական զորքը հետ քաշելու համար Լապինին քննադատել է նաև Պուտինի զինակից, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը, ով համարվում է Ուկրաինայում պատերազմին մասնակցող «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գլխավոր հովանավորը:
Լապինի քննադատները հիշեցնում են, որ նա մայիսին անձամբ պարգևատրել է հարազատ որդուն՝ գնդապետ Դենիս Լապինին, և դա տեղի է ունեցել Կիևի ուղղությունից ռուսների նահանջի օրերին:
Ռուսաստանցի մի խումբ փորձագետներ կարծիք են հայտնել, թե Կադիրովը և Պրիգոժինը համատեղ և համակարգված քննադատում են գեներալներին կանոնավոր բանակի բարձրաստիճան ղեկավարությանը վարկաբեկելու և Կրեմլում սեփական ազդեցությունը հզորացնելու նպատակով: