Մատչելիության հղումներ

«Բռնությունն ու քաղաքական հիմքով ատելությունն այլևս չափն անցնում են». Բայդենը՝ Փելոսիի տան վրա հարձակման մասին


Ջո Բայդեն և Նենսի Փելոսի, արխիվ
Ջո Բայդեն և Նենսի Փելոսի, արխիվ

Հոկտեմբերի 28-ին հարձակում է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ Սան-Ֆրանցիսկոյում գտնվող տան վրա։ Հարձակման պահին այնտեղ է գտնվել խոսնակի ամուսինը՝ 82-ամյա Փոլ Փելոսին, որը մի շարք վնասվածքներ է ստացել՝ գլխի և վերջույթների շրջանում։

Հարձակումից անմիջապես հետո Նենսի Փելոսիի ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է։ Բժիշկների հավաստմամբ՝ Փոլ Փելոսիի վիճակն այս պահին բավարար է, նա «լիակատար ապաքինման ճանապարհին է»։

Կալիֆորնիայի ոստիկանության տվյալներով՝ հարձակման վայրում ձերբակալվել է 42-ամյա Դայվիդ Դեփայփը, նա զինված է եղել մուրճով։

Նենսի Փելոսիի ամուսնում դեմ հարձակումն արդեն իսկ մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Լուրերով հաղորդեցին, որ այս հարձակումն իրականում ուղղված էր Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի դեմ, որը, հիշեցնեմ, Միացյալ Նահանգների կառավարման բուրգի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է։ Տեղեկություններ կան, որ հարձակման հեղինակը դրա ընթացքում երգում էր այն նույն երգը, որ հնչում էր 2021 թվականի հունվարի 6-ին՝ Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ։ Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, որ հարձակման ընթացքում այդ մարդն անընդհատ կրկնել է՝ «որտե՞ղ է Նենսին»։ Այս ամենը Ամերիկայում տեղ չունի։ Բռնությունն ու քաղաքական հիմքով ատելությունն այլևս չափն անցնում են», - հայտարարում էր Բայդենը Փենսիլվանիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից ուղիղ տասն օր առաջ։ Նոյեմբերի 8-ին նշանակված ընտրությունների ընթացքում վիճարկվելու են Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերը, ինչպես նաև Սենատի ընդհանուր կազմի մեկ երրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG