Մատչելիության հղումներ

Վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը


Վաղը ՀԱՊԿ անդամները կքննարկեն Հայաստան ուղարկված առաքելության զեկույցն ու Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը, ասված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 28֊ին տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 15ին՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից հետո Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները: Նախատեսվում է նաև քննարկել համատեղ ջանքեր՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշում է ռազմական դաշինքը:

Պաշտոնական Երևանը հրապարակավ քննադատում է ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական ագրեսիային համարժեք չարձագանքելու, Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրելու համար:

Արձագանքելով այդ քննադատություններին՝ Ռուսաստանի արտգործնախարարը շաբաթներ առաջ, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ասել էր, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, և որ դրա համար անհրաժեշտ է միայն կազմակերպել Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը:

Առայժմ պաշտոնապես չի հաղորդվել՝ որ երկրներից են լինելու դիտորդները, և ինչ մանդատ կարող է ունենալ այդ առաքելությունը: Հայկական կողմը միայն նշել էր, թե ՀԱՊԿ֊ից նախ քաղաքական արձագանք են ակնկալում։ «Նախևառաջ պետք է հստակ հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ և ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք», - «Ազատությանը» փոխանցել էին Հայաստանի արտգործնախարարությունից։

XS
SM
MD
LG