Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները՝ ընդգծելով՝ «վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը»:
ԱԽ քարտուղարը կարևորել է առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում:
Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորող գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն:
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամները Հայաստանում են հոկտեմբերի 22-ից: Նրանք հանդիպել են արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, եղել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: