Պերմի վառոդի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ:
Properm.ru լրատվական կայքի փոխանցմամբ, «պայթյունը տեղի է ունեցել երեկ վառոդի գործարանի պլաստմասսայի արտադրության տարածքում՝ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ»: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Ռուսական լրատվամիջոցները չեն հայտնում, թե քանի աշխատակից է տուժել:
Պերմի վառոդի գործարանը պայթուցիկ է արտադրում «Գրադ» և «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հակաօդային պաշտպանության համակարգի և «երկինք-երկինք» հրթիռների մարտագլխիկների, հրթիռային տեխնիկայի շարժիչների, հրետանու, ինչպես նաև վառոդ՝ հրազենի փամփուշտների համար:
Սա գործարանում տեղի ունեցած երկրորդ միջադեպն է Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո: Այս տարվա մայիսին գործարանում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով երկու մարդ զոհվել է և մի կին աշխատող ծանր վիճակում փոխադրվել է հիվանդանոց: