Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընդլայնված կազմով հանդիպմանը Հայաստանի վարչապետը խոսել է «լուրջ հաջողությունների» մասին և վիճակագրություն հրապարակել։
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ այս տարի՝ հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների միջև կազմել է 2.8 միլիարդ դոլար, ինչը 74 տոկոսով ավելի է, քան՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
«ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները», -հավելել է Հայաստանի վարչապետը և ընդգծել՝ Հայաստանից արտահանումը ավելացել է 2 անգամ, իսկ ներկրումը՝ 58 տոկոսով։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթը ամփոփել է վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:
Իր հերթին, Ռուսաստանի վարչապետն ընդգծել է՝ «ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը»։
«Անցած տարվա ընթացքում Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին մեր միավորման գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը։ Դա գրեթե 33 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին», - նշել է Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետը նաև անդրադարձել է պարենային ապրանքների և գյուղմթերքի ոլորտում արձանագրված 21 տոկոս աճին. «Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն աճել է 11 տոկոսով։ Ռուսական ռուբլին շարունակում է մնալ հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է 72 տոկոս վճարումներ կատարելու համար»։