Մատչելիության հղումներ

Հոլանդացի կամավորները նորոգում են Լոռու մարզի Հարթագյուղի տների տանիքներն ու փոխում լուսամուտները


Լոռու Հարթագյուղում 120 տանիք անձրևին այլևս չի կաթա, տան մեջ արդեն թասեր չեն դնի։ Երեք տարի հոլանդացի 20 կամավորներ իրենց արձակուրդի օրերին գալիս, նորոգում են գյուղացիների տան տանիքներն ու փոխում լուսամուտները։ Նրանք գործարարներ են, նավաշինարարներ, գյուղատնտեսներ ու այլ մասնագետներ, որ մեկ շաբաթում հուսալի են դարձնում հարթագյուղցիների տան կտուրը։

Սիեթսե Վան Դեր Վուդը Նիդեռլանդներում հաջողակ գործարար է։ Եկել, զարմացել է գյուղացիների կարիքների վրա։ Անհամեմատելի են դրանք մերի հետ, ասում է. - «Շատ տարօրինակ է, որ մարդիկ այստեղ ջուր չունեն, անգամ նորմալ պետքարան չունեն, տանիքից ջուրը տուն է հասնում։ Բայց այդքանի հետ մարդիկ շատ հյուրասեր ու բարի են»։

Ունո Մայերը Հոլանդիայում տանիքների կառուցման գծով մասնագետ է։ Կնոջ ու դստեր հետ է Հարթագյուղ եկել։ Ասում է՝ տանիքներն այստեղ այլ կերպ են կառուցում, շատ մանրուքների վրա ուշադրություն չեն դարձնում։ Ձեռքի տակ եղած շինանյութը կարող են օգտագործել կտուրը կառուցելու համար. - «Հասկանում ենք, այստեղ տանիքների կառուցման ուրիշ սկզբունք է. ուրիշ հնարավորություններ են, էլ չեմ ասում, որ տարիներով ջուր է անցել այս կտուրից։ Մենք փորձում ենք այլ կերպ նորոգել դրանք, ավելի ամուր ու ապահով դարձնել։ Այս մարդիկ երկար տարիներ երազել են կամ հույս են ունեցել, որ մի օր տանիք կունենան, իրենց այդ մի հոգսը կպակասի առօրյայից։ Հիմա մենք փորձում ենք օգնել այդ հարցում, որ գոնե կարողանան ուրիշ հարցով զբաղվել, այլ հոգսեր հոգալ»։

Տանիքներն անթափանց դարձնելու ծրագիրը «Աստղիկ» բարեգործականինն է։ Կազմակերպության ղեկավար Մարիամ Անտոնյանն ասում է՝ 5 տարի գյուղատնտեսական հարցերում են օգնել հարթագյուղցիներին։ Գյուղում անմշակ հող գրեթե չկա։ Հիմա նաև տների տանիքներն ու լուսամուտներն են հերթով փոխում, բայց կարևորն այստեղ լավ աշխատելու մշակույթն է, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող Հարթագյուղ են բերում, ասում է Մարիամը։ Հոլանդացիներն այստեղ վաղ առավոտյան, լույսը նոր բացված տանիք են բարձրանում ու գործի անցնում։

«Էստեղ փակ միջավայր է։ Մարդիկ ինչպես որ մեկը մյուսին տեսնում ա, էդպես շարունակում են։ Նոր բան չի մտնում էստեղ։ Դրսից նոր մշակույթ բերելով փորձում ենք էդ փակ միջավայրի կարծրատիպերը կոտրել», - ասում է Մարիամ Անտոնյանը,

Նա բարեգործական ծրագրերով շատ գյուղերում է եղել, կենցաղն ու բարքերը մոտիկից տեսել և եզրակացրել՝ մերոնք հաճախ պարզապես հարմարվում են, իրավիճակը փոխելու քայլեր չեն անում։ Եվրոպացիների սովորույթները թեկուզ մեկ շաբաթով գյուղ հասցնելը շատ բան փոխում է։ Հույս ունի. - «Ինչի՞ են մեր ընտանիքները անդադար փորձում հարմարվել իրավիճակներին, ինչի՞ չեն իրենք իրավիճակները ստեղծում էնպես, ինչպես իրենց է հարմար։ Էդ խնդիրները մենք ունենք։ Եվ մեկ շաբաթ, երբ որ հոլանդացիները էստեղ են լինում, իրականում շատ բան են փոխում։ Իրականում կարծես թե իրենց ներկայությամբ իրենք ցույց են տալիս, որ ամեն ինչի համար միլիոններ պետք չէ։ Կամք ա պետք, ցանկություն և նպատակ»։

Անգամ բիզնես կազմակերպությունների հետ առնչվելիս մի զարմանալի միտում է նկատել՝ պատվեր ընդունող շինարարը նոր առաջարկներ չի ընդունում, իր կաղապարված սկզբունքներից այն կողմ մտածել չի սիրում։ Այս կերպ են աշխատում, ուրեմն ոչ թե ինքը, այլ պատվիրատուն պետք է հարմարվի, անգամ փոխի իր ցանկությունը, ասում է բարեգործականի ղեկավարը. - «Մենք փնտրում էինք մի կազմակերպություն, որ կկարողանար տարիքները սարքել հենց հստակ չափերով։ Ու շատ դժվար էր գտնել էդպիսի կազմակերպություն։ Մեզ մոտ բոլորը սովոր են ստանդարտ ձևով աշխատելուն։ Որ աշխատանքային պրոցեսից մի փոքր շեղում է լինում, բոլորը ասում են՝ ավելի լավ ա, ես չանեմ, քան թե հետո ինչ-որ խնդրի առաջ կանգնեմ, ավելի լավ ա, մի քիչ քիչ չարչարվեմ, բայց էդպես չանեմ, անեմ էնպես, ոնց որ ես սովոր եմ անելու»։

Բայց հոլանդացիներն ասում են՝ իրենք էլ այստեղ ահագին բան են սովորել։ «Այս մարդիկ ոչինչ չունեն, բայց շատ բարի են ու ջերմ մեր հանդեպ», - ասում են ու խոստովանում՝ միշտ այս գյուղ վերադառնալու ցանկություն ունեն: Հաջորդ տարի էլի անպայման կգան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG